211652_close_icon
views-count1577 դիտում article-date 16:21 14-09-2019

Մեր ժառանգությունը չի ճանաչում ժամանակային սահմաններ. ՀՀ ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ ժողովրդի ժառանգությունն իրականում ժամանակից վեր է, այն չի ճանաչում ժամանակային սահմաններ, այն ազգային է, համամարդկային, ժամանակակից և միաժամանակ ունի խորը արմատներ: Սեպտեմբերի 13-ին Գեղարդ վանական համալիրում ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո տեղի ունեցավ «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին այս մասին իր խոսքում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ողջունելով հյուրերին և ներկայացնելով «մշակութային երկխոսություն» նախաձեռնության խորհուրդը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, նշեց, որ այն իր մեջ ներառում է մեր մտավոր, հոգևոր, քաղաքակրթական, մշակութային խորը արմատներով այն հարուստ ժառանգությունը, որն արտահայտում է մեզ՝ որպես իր ինքնությունը հպարտորեն պահպանող մի ժողովուրդ։ «Եվ ծնվեց այս գաղափարը, որ մեր ժառանգությունն իրականում ժամանակից վեր է, այն չի ճանաչում ժամանակային սահմաններ, այն ազգային է, համամարդկային, ժամանակակից և միաժամանակ ունի խորը արմատներ։ Պատմության խորքից եկող մեր երաժշտությունն այսօր ունի նույն հնչողությունը՝ համահունչ մեր ժամանակներին։ Այդ պատգամն ավելի ուժեղ է դառնում, երբ մենք միաձուլում ենք այս համերգը մեր ժառանգության լավագույն օջախում՝ Գեղարդի վանական համալիրում»,- նշել է նախարարը: Բազմաթիվ հյուրերի առջև հայկական ավանդական ժողովրդական և հոգևոր երաժշտության ժամանակակից մեկնաբանությամբ կատարումներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, թմբկահար Կարեն Քոչարյանը, դաշնակահար Վահագն Հայրապետյանը և այլ երաժիշտներ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամներ, բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտերկրից, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հայ արվեստի մեծանուն ներկայացուցիչներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր