211652_close_icon
views-count9761 դիտում article-date 19:00 13-09-2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն այցելել է քրեակատարողական հիմնարկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 11-ին, 12-ին և 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ծառայության պետի տեղակալներ, արդարադատության գնդապետներ Վահե Պապոյանի և Վարդգես Ծաղիկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՀՀ ԱՆ «Արթիկ», «Վանաձոր», «Հրազդան», «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում: Աշխատանքային այցի գլխավոր նպատակն էր ծանոթանալ կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմաններին, նրանց առողջության պահպանման իրավունքի պատշաճ ապահովման համար քրեակատարողական հիմնարկներում առկա հնարավորություններին, սննդի որակին և պատրաստման պայմաններին, ինչպես նաև հիմնարկներում առկա մյուս խնդիրներին: Ծառայության պետը շրջել է հիմնարկների բնակելի տարածքներում, զբոսահրապարակներում, մարզադահլիճներում, հանձնուքների ընդունման և տեսակցությունների սենյակներում, ճաշարաններում, ծանոթացել է օրվա ճաշացանկերին, հիմնարկների կրպակներում առկա ապրանքատեսակներին և գնացուցակներին: Զրուցել է նաև ազատազրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները, այցելել է հացադուլ հայտարարած դատապարտյալների խցեր, հորդորել նրանց չվնասել առողջությունը և իրենց խնդիրների լուծման համար օգտվել օրենսդրությամբ սահմանված այլ գործիքակազմերից: ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մասնավորապես ակնառու են եղել հակահրդեհային համակարգի բացակայությունն ու մասամբ ոչ սանիտարահիգիենիկ վիճակը: Արձանագրված թերությունները վերացնելու և ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ տրվել են կոնկրետ հանձնարարականներ: «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կալանավորված անձանց ու դատապարտյալների բուժման գործընթացում առկա օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներին, ազատազրկված անձանց հետ առանձնազրույցների արդյունքներով տրվել են իրավիճակի բարելավմանը միտված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություններ: Կարևորելով նաև դատապարտյալների զբաղվածության ապահովման հարցը՝ ծառայության պետը հանձնարարել է վերջիններիս ներգրավել հիմնարկում գործող հացի արտադրամասի աշխատանքներին: «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում ընդհանուր վիճակի ուսումնասիրության հիման վրա ծառայության պետը վարչակազմի ուշադրությունը հրավիրել է իրավիճակի լիարժեք վերահսկման անհրաժեշտության վրա, ինչպես նաև քննարկել տարածքի առավել արդյունավետ պահպանության նպատակով ծառայողական շների ներգրավման հնարավորության հարցը: «Սևան» քրեակատարողական հիմնարկում առանձնապես խնդրահարույց են եղել ճաշարանի կոյուղագծերն ու ջրահեռացումը, որոնց անհապաղ կարգավորման և լուծման համար ևս տրվել են համապատասխան հանձնարարականներ: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ այցի ընթացքում նկատվել ու վերհանվել են կենցաղային և տնտեսական որոշ խնդիրներ, հրահանգվել է կարճ ժամանակահատվածում դրանք վերացնել: Վարչակազմին հանձնարարվել է նաև աշխատանքներ տանել կարի արտադրամասում իրականացվող արտադրական ընթացքի հանդեպ ազատազրկված կանանց մոտ հետաքրքրություն առաջացնելու ուղղությամբ: Յուրաքանչյուր շրջայցի ավարտից հետո անց են կացվել խորհրդակցություններ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ, քննարկվել են վերհանված խնդիրները, դրանց լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման մանրամասները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անձնակազմերին հուզող և վերջիններիս կողմից բարձրացված մի շարք հարցեր: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր