211652_close_icon
views-count1259 դիտում article-date 18:38 13-09-2019

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի հետ քննարկվել է «Խաղողի տնկարկների կադաստր» ծրագրի հայեցակարգը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) փորձագետ Աննա Լուժին և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանին: Հանդիպմանը քննարկվել է Հիմնադրամի կողմից մշակված «Խաղողի տնկարկների կադաստր» ծրագրի հայեցակարգը, որին ակտիվ մասնակցություն է ունեցել Աննա Լուժը: Ծրագրի նպատակն է ստեղծել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ կտեղակայվի մշտապես թարմացվող տեղեկատվություն խաղողի տնկարկների, բերքի մշակությամբ և մթերմամբ, պահեստավորմամբ և վերավաճառքով զբաղվող բոլոր շահառու կողմերի մասին: Նախատեսվում է նաև վերհանել և ուսումնասիրել խաղողագործական շրջաններում խաղողագործական, գինեգործական և պատմամշակութային տարբերվող համատեքստ ունեցող միկրո- և մակրոշրջանները, խթանել աշխարհագրական նշումով գինիների արտադրության համակարգի մշակումը և ներդնումը: Կադաստրի ստեղծումը հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի տնկարկներն ու առկա սորտերը, ինչպես նաև վերահսկելի դարձնել հանրապետությունում արտադրվող գինեգործական արտադրանքի որակը: Այն մաս է կազմում այն համալիր աշխատանքների, որոնք ուղղված են Հայաստանի խաղողագործության և գինեգործության զարգացմանը, խաղողագինեգործական արտադրանքի որակի բարձրացմանն ու մրցունակության կայուն ապահովմանը, ինչպես նաև ոլորտում կեղծարարության դեմ պայքարին: Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ ամպելոէկոլոգիական տեսանկյունից հիմնավորված խաղողի տնկարկների տեղաբաշխումը և վերահսկումն ընդունված է համաշխարհային պրակտիկայում և այն իրականացվել է խաղողագործությամբ հայտնի մի շարք երկրներում:

Նմանատիպ նյութեր