211652_close_icon
views-count1209 դիտում article-date 10:37 12-09-2019

Ստրկամտությո՞ւն, թե՞ գավառամտություն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երևանում Մոսկվայի տոնը նշելու վերաբերյալ համացանցում հանդիպեցի որոշ մեկնաբանությունների, անգամ որոշակի փողոցային ակցիաների, որոնց նպատակն է ցույց տալու, որ այդ միջոցառումները վկայում են մեր ստրկամտության մասին: Ինձ թվում է, դա ծայրահեղական և չմտածված մոտեցում է: Ինձ, ինչպես և շատերին Հայաստանում, դուր չի գալիս Պուտինի ներքին և արտաքին քաղաքականությունը: Չեմ կարծում, որ այս հարցում իմ տեսակետը կիսում է հայաստանցիների մեծամասնությունը և ավելին ասեմ՝ ի տարբերություն ՌԴ նախագահին չհավանողների մեծ մասի, ես համոզված եմ, որ Ռուսաստանում սկզբունքորեն չի կարող ազատական և ժողովրդավարական իշխանություն լինել՝ այդ ուղղությամբ բարեփոխման ցանկացած փորձ բերում է քաոսի: Դրան կարող եմ ավելացնել նաև, որ ռուսաստանցիների մեծամասնությունը սատարում է իր նախագահի քաղաքականությունը, և մենք՝ այլ երկրի քաղաքացիներս, չենք կարող հաշվի չնստել այդ փաստի հետ: Սակայն այս բոլոր նկատառումները որևէ կապ չունեն Մոսկվայի հետ, որը դարեր շարունակ եղել է և այսօր էլ հանդիսանում է աշխարհի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը: Մոսկվան ոչ Պուտինինն է, ոչ էլ Սոբյանինինը, ճիշտ այնպես, ինչպես Երևանը հնարավոր չէ ասոցիացնել Փաշինյանի կամ Մարությանի հետ: Իշխանավորներն այսօր կան, վաղը չեն լինի, կան ավելի մնայուն բաներ: Ես սիրում եմ Չայկովսկու, Բուլգակովի, Օկուջավայի Մոսկվան: Եվ այդ առումով Ռուսաստանի մայրաքաղաքը բոլորինս է, այն պատկանում է աշխարհի բոլոր մտածող մարդկանց: Պատանեկությանս տարիներին իմ ընտանիքը հաճախ արձակուրդների մի մասն անցկացնում էր Մոսկվայում, և ես շնորհակալ եմ ծնողներիս դրա համար, որովհետև հնարավորություն ունեի դիտելու մոսկովյան թատրոնների փայլուն ներկայացումները, մեծ դերասանների անկրկնելի խաղը: Սյունազարդ դահլիճում լսել էի Ֆեդոսեևի նվագախմբի կատարումները, Համագումարների պալատում դիտել էի «Գայանե» բալետը, որին ներկա էր նաև հեղինակը: Չէ՞ որ Մոսկվան նաև Արամ Խաչատրյանի քաղաքն էր: Նաև՝ Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիևի, Արմեն Ջիգարխանյանի և մեր նշանավոր շատ-շատ հայրենակիցների: Մի անգամ, երբ ես Երևանում ոգևորված պատմում էի Մոսկվայից ստացած իմ պայծառ տպավորությունների մասին, մեծահասակներից մեկն ինձ կոպտորեն ընդհատեց՝ «ի՞նչ ես ստից բաներ խոսում, Մոսկվան մեծ գյուղ է»: Ինչպես 15 տարեկանում, այնպես էլ 60 տարեկանում ես որևէ մեկի հետ վիճելու սովորություն չունեմ: Մանավանդ գավառական բարդույթներով տառապողների: Քաղաքական ռեժիմի առումով մենք Ռուսաստանի հետ պետք է գնանք տրամագծորեն հակառակ ուղղություններով: Ավելին՝ ինձ թվում է, որևէ տնտեսական իմաստ չկար մտնելու Մաքսային, իսկ այնուհետև Եվրասիական տնտեսական միության մեջ: Այլ են ռուս ժողովրդի հետ մեր հոգևոր, մշակութային կապերը: Դրանք մեր հարստությունն են, ինչպես և ցանկացած այլ ժողովրդի հետ կապերը: Դրանք զարգացնելը ստրկամտություն չէ: Խզելն է անմտություն»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր