211652_close_icon
views-count1354 դիտում article-date 16:14 11-09-2019

Նախարար Հակոբ Արշակյանը Տաջիկստանի իր գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է Տաջիկստանի արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Ֆայզուլլոզոդա Զարոբիդդինին, ով Հայաստանում է ՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) 17-րդ նիստի աշխատանքներին: Նախարար Հակոբ Արշակյանը, ողջունելով Ֆայզուլլոզոդա Զարոբիդդինին, ներկայացրել է նորաստեղծ նախարարության հիմնական ուղղություններն ու նպատակները: Նախարարը մանրամասնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնական առավելությունները՝ կրթությունից մինչև գիտահետազոտություն ու արդյունաբերություն։ Նա անդրադարձել է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելին՝ «Արմաթ»-ից մինչև «Թումո» և «ՔՈԱՖ», Պոլիտեխնիկի Ազգային ինժեներական լաբորատորիաների ծրագրից մինչև ստարտափ էկոհամակարգին ուղղված պետական քաղաքականություն։ Հակոբ Արշակյանն ընդգծել է հայկական գիտական մեծ ներուժի առկայությունը տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններում, անդրադարձել «Ինժեներական քաղաք» ծրագրին, ներկայացրել համաշխարհային անվանում ստացած հայկական ստարտափերը։ Նախարարը ներկայացրել է նաև թվայնացման ոլորտում Հայաստանի առաջընթացը և նշել, որ պատրաստակամ է այս ամենի փորձով կիսվելու, զարգացնելու գործընկերային հարաբերությունները Տաջիկստանի հետ։ Նախարար Ֆայզուլլոզոդա Զարոբիդդինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ տեղյակ է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ձեռքբերումներից, առաջընթաց զարգացումներից: Նա հանգամանալից ներկայացրել է իրենց նախարարության ոլորտային ուղղությունները, մանրամասնել երկրի տնտեսության զարգացման գործում ունեցած դերն ու նշանակությունը։ Ֆայզուլլոզոդա Զարոբիդդինը կարևորել է տեխնոլոգիաների զարգացումն ու դրանց կիրառությունը տնտեսության տարբեր ճյուղերում, ընդգծել, որ հետաքրքրված են մի շարք ուղղություններով համագործակցելու։ Նախարարը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է աշխատել Տաջիկստանի համապատասխան մարմինների հետ և ներկայացնել համագործակցության կոնկրետ առաջարկներ։

Նմանատիպ նյութեր