211652_close_icon
views-count3861 դիտում article-date 14:24 11-09-2019

«Այս գործում ամենակարևորը Լևոն Սարգսյան անուն ազգանունն է, որ շրջանառվել է». Ամրամ Մակինյան. 168.am

Այսօր Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առիթով քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին: «Լևոն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Հայտարարվել է հետախուզում: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ»,- ասել էր Հարությունյանը: [url=https://168.am/2019/09/11/1171478.html?fbclid=IwAR3HOKIuHN5No2syjiK8Lk6PBYhjUCJRJ2sL5n1ooaGp5j0FCNo5_BZ_TlA]168.am[/url]-ի հետ զրույցում Լևոն Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նախ նշեց, որ խոսքը մեղադրանք առաջադրելու մասին չէ. իր պաշտպանյալը որպես մեղադրյալ է ներգրավվել: Բացի դրանից, խոսքը նաև այսօրվա մասին չէ: Որպես մեղադրյալ` այդ գործում Լևոն Սարգսյանին ներգրավելու մասին որոշում կայացրել են օրեր առաջ` սեպտեմբերի 5-ին, սակայն չգիտես ինչու, այդ մասին խոսում են հիմա: «Փաստական առումով այն նյութերը, որոնք դրված են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքում, խոսում են այն մասին, որ Լևոն Սարգսյանն ընդհանրապես առնչություն չունի իրեն վերագրված արարքին: Իրավական առումով ես, առանց անուններ նշելու, ասեմ, որ գործի նյութերում որպես մեղադրյալ ներգրավված ինչ-որ X անձ ցուցմունք է տվել և իմ տեղեկությունների համաձայն` ցուցմունքը տալուց հետո նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է շատ կասկածելի հանգամանքներում: Ամեն դեպքում ես այդպես եմ գնահատում: Փաստորեն տվյալ անձի կալանավորումը դատախազության կողմից վերացվել է: Տվյալ անձը ցուցմունք է տալիս, որ մեկ այլ անձից լսել է, մեկ այլ անձն էլ ուրիշ այլ անձից է լսել, որ ևս մեկ այլ անձ կա, և նա ասել է, որ ենթադրաբար Լևոն Սարգսյանն առնչություն ունի այն ամենին, ինչ իրեն այժմ վերագրվում է»,- ասաց Ամրամ Մակինյանը: Վերջինս նշում է, որ ուղղակի աբսուրդ է այս մեղադրանքը, և ցանկանում է ընդգծել, որ բացի այս անձը, որն այսօր գտնվում է վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, այս գործով անցնող բոլոր անձանցից որևէ մեկը, իր ունեցած տեղեկությունների համաձայն, որքանով որ տիրապետում է իրեն հասանելի գործի նյութերին, հարցաքննված չէ և որևէ տեղեկություն այդ ամեն ինչի մասին չի հայտնել: «Ես չեմ վախենում ասել, որ այդ անձը, այո, գտնվում է վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, և այս մեղադրանքը իր ամբողջ ծավալով ամբողջովին ենթադրությունների վրա կառուցած մեղադրանք է: Ես ուզում եմ ընդգծենք նաև, որ լրատվամիջոցներում, հղում կատարելով Քննչական կոմիտեի հաղորդագրությանը, նշվում է, որ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն: Ես` որպես իրավաբան, զարմացած եմ, թե նշած ապացույցներից որո՞նք էին ապացույց, և ի՞նչն էր բավարար: Այս գործում ամենակարևորը Լևոն Սարգսյան անուն ազգանունն է, որ շրջանառվել է: Այս քրեական գործում ամենակարևոր ապացույցը իմ գնահատմամբ Լևոն Սարգսյան անուն ազգանունն է: Մնացածը ինձ հասանելի գործի նյութերը ամբողջությամբ ուսումնասիրելիս համոզվել եմ, որ չկա անգամ ապացույցի նշույլ, որ կհիմնավորի առնչությունը իմ պաշտպանյալի: Էլ չեմ խոսում բավարար ապացույցների համակցության մասին»,-ասաց Լևոն Սարգսյանի պաշտպանը: Մեր այն հարցին, թե Քննչական կոմիտեն հոդվածներ էր նշում իր հայտարարության մեջ, Ամրամ Մակինյանն ասաց, որ որպես մեղադրյալ Լևոն Սարգսյանին ներգրավելիս վերջինիս մեղսագրել են ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներին համապատասխանող մեղադրանք: «Դա փողերի լվացման հատկանիշներ պարունակող հոդվածն է և իրական կամ ենթադրյալ իրավունքների ազդեցությունը օգտագործելու մասին է, որ իբր թե Լևոն Սարգսյանը, հանդիսանալով Սերժ Սարգսյանի եղբայրը և Հատուկ հանձնարարություններով դեսպան, օգտագործելով իր իրական ազդեցությունը պաշտոնատար անձանց վրա, այս կամ այն ընկերության օգտին առավելություններ ձեռք բերելու մասով որոշակի գործողություններ է կատարել»,- մեկնաբանեց փաստաբանը: Նա հավելեց նաև, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը որևէ նշույլ չի պարունակում, թե Լևոն Սարգսյանն ի՞նչ գործողություն է կատարել, ի՞նչ է արել: Մանրամասները՝ [url=https://168.am/2019/09/11/1171478.html?fbclid=IwAR3HOKIuHN5No2syjiK8Lk6PBYhjUCJRJ2sL5n1ooaGp5j0FCNo5_BZ_TlA]սկզբնաղբյուրում[/url]։

Նմանատիպ նյութեր