211652_close_icon
views-count1275 դիտում article-date 15:52 09-09-2019

«Իմ քայլը» խմբակցությունը կիսում է Ամուլսարի հարցով վարչապետի հնչեցրած վերջին դիրքորոշումը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետ Փաշինյանի հետ Ամուլսարի հարցով քննարկում է ունեցել այն նույն շեշտադրումներով, ինչը վարչապետը ներկայացրել է իր ուղիղ եթերում, և իրենք կիսում են այդ դիրքորոշումը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Օրենսդիրի տիրույթում չէ հարցին որոշում տալը, սակայն որպես քաղաքական թիմ, ունենք մեր դիրքորոշումը: Վարչապետը նշեց որպես իրավական պետություն գործելու անհրաժեշտությունն ու բացառապես այդ տիրույթում գործելը՝ միևնույն ժամանակ նշելով, որ չեն կարող հաշվի չառնվել նաև բնակիչների մտահոգությունը, բնապահպանական խնդիրները և այլն: Եվ այս փուլում խնդիր է դրվում, որ տեսչական մարմինն անմիջապես գործողություններ սկսի այնտեղ և վեր հանի խնդիրներ, եթե դրանք գոյություն ունեն: Այս փուլում ոչ թե հանքի շահագործման մասին է խոսքը, այլ այն շինարարական աշխատանքների, որոնք անհրաժեշտ են առաջին փուլում: Եվ ընդ որում ընդգծվեց, որ եթե անգամ շինարարական աշխատանքների պարագայում նկատվի որևէ խախտում, շեղում նշված չափանիշներից, ապա տեսչական մարմինը կիրականացնի բոլոր անհրաժեշտ գործողությունները: Եվ այս դիրքորոշման հետ «Իմ քայլը խմբակցությունը համաձայն է և կիսում է»,-ասաց Մակունցը: Անդրադառնալով դիտարկմանը, թե խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք դեմ են հանքի շահագործմանը՝ Մակունցն ասաց, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ խմբակցությունն ունեցել է քննարկում հենց նույն շեշտադրումներով և նույն հարցերի շուրջ, ինչը վարչապետը ներկայացրեց վերջին ուղիղ եթերի ընթացքում: Նա վստահեցրեց՝ առարկություն առ այն, որ պետք է գնալ այլ ճանապարհով, խմբակցությունում չի հնչել:

Նմանատիպ նյութեր