211652_close_icon
views-count1554 դիտում article-date 15:17 07-09-2019

Արցախի և Հայաստանի ԱԺ հանձնաժողովները համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովները սեպտեմբերի 6-ին Շուշիում՝ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հանդիպումների սրահում գումարել են համատեղ նիստ, որի արդյունքներով մշտական հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Կողմերը խորհրդանշական են համարել հայության համար պատմականորեն կրթական և մշակութային կենտրոն հանդիսացող Շուշիում համագործակցության հուշագրի ստորագրումը: Պարզաբանելով հուշագրում ամրագրված կետերը՝ Արմեն Սարգսյանը կարևորել է ոլորտային հարցերի քննարկումներին, այդ թվում՝ միջազգային հանդիպումներին, խորհրդարանական լսումներին և այլ միջոցառումներին փոխադարձ մասնակցությանը վերաբերող կետը, նշելով, որ այն հնարավորություն կտա ունենալ համապարփակ փաստաթղթեր և օրենսդրություն։ Մխիթար Հայրապետյանը ևս կարևորել է հուշագրի ստորագրումը՝ ՀՀ և ԱՀ մշտական հանձնաժողովների միջև համագործակցությունը նոր մակարդակ տեղափոխելու և միասնական քննարկան ձևաչափով աշխատելու առումով։ Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նախարարները, ողջունելով հուշագրի ստորագրումը, պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս համագործակցել ՀՀ և ԱՀ խորհրդարանների մշտական հանձնաժողովների հետ: Համատեղ նիստից հետո հանձնաժողովների անդամները քննարկումներ են ունեցել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։ Անդրադարձ է կատարվել հանձնաժողովների իրավասության շրջանակներում գտնվող հարցերի լայն շրջանակի և այդ ուղղություններով օրնսդրական կարգավորումների հնարավորություններին:

Նմանատիպ նյութեր