211652_close_icon
views-count1682 դիտում article-date 14:25 07-09-2019

Արթուր Ասոյանը ներկայացրել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նախօրեին Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներին է ներկայացրել տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Հակոբ Ավագյանին: Ողջունելով ներկաներին՝ Արթուր Ասոյանը հույս է հայտնել, որ Հակոբ Ավագյանի նշանակմամբ Տեսչական մարմնի գործունեությունը կբարելավվի եւ դրական արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում։ Պարոն Ասոյանը ընդգծել է, որ պարոն Ավագյանը մասնագիտական երկար ճանապարհ է անցել՝ աշխատելով թե հասարակական, թե պետական համակարգում եւ հենց այդ փորձառության շնորհիվ էլ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից ընտրվել, ապա վարչապետի կողմից նշանակվել է կառույցի ղեկավար։ Հակոբ Ավագյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել նման պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար։ Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ տեղյակ է կառույցի խնդիրներին, առաջնահերթ է համարում թիմային աշխատանքը՝ վստահություն հայտնելով, որ հասարակության եւ պետության շահերը հավասար նժարի դնելով, կարող են արդյունավետ աշխատանք կատարել։ ՀՀ վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի 1250 – Ա որոշմամբ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից առաջադրված թեկնածուն՝ Հակոբ Ավագյանը։ Հակոբ Ավագյանը մոտ քսան տարվա փորձ ունի ձեռներեցության, շահերի պաշտպանության եւ քաղաքականությունների մշակման ոլորտներում։ Հիմնադրել եւ ղեկավարել է մի շարք ընկերություններ, զբաղեցրել կառավարչական բարձր պաշտոններ թե հանրային, թե մասնավոր ոլորտներում։ 2018-2019 թթ. զբաղեցրել է ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը։

Նմանատիպ նյութեր