211652_close_icon
views-count5311 դիտում article-date 18:49 05-09-2019

Վարդան Արամյան. Կապիտալ ծախսերի թերակատարումը ահազանգ պետք է հնչեցնի կառավարությանը

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն անդրադառնով ՀՀ պետական բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարմանը և դրա հնարավոր հետևանքներին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի Ընկերներ, Տարբեր առիթներով խոսել եմ տնտեսական զարգացումների մասին՝ մատնանշելով նաև այն կարևոր խնդիրները, որոնց պետք է ուշադրություն դարձնի կառավարությունը: Այդ խնդիրների շարքում մեծ կարևորություն ունի կապիտալ ծախսերի շարունակական թերակատարումները, որի հետևանքները տնտեսության համար ցավոտ են լինելու: Թերևս այս հարցը կարող էր հանրության համար ընկալվել զուտ հնչեցված միտք, եթե չհիմնավորվեր վերլուծությամբ: Հետևապես խնդիր դրվեց “Լույս” հիմնադրամի տնտեսական թիմի հետ համատեղ գնահատելու կապիտալ ծախսերի թերակատարման ազդեցությունը մեր տնտեսության վրա: Որպեսզի գնահատականը լիներ ավելի համապարփակ, կիրառեցինք ընդհանուր հավասարակշռության GIMF մոդելը: Նյութը շատ չծանրացնելու և հեշտ ընթեռնելի լինելու համար մակրոմոդելի տեսական նկարագրությունը տրված է ընդհանուր գծերով: Նյութի հիմնական մեսիջները հետևյալն են. - Կառավարության կապիտալ ծախսերի կատարման գծով խիստ պահպանողական վարքագիծը ահազանգող պետք է լինի, քանի որ տուգանելու է տնտեսական աճին: - Տնտեսական աճը տուգանվում է և կարճաժամկետում և երկարաժամկետում, նույնիսկ եթե հաջորդ տարի կառավարությունը նորից անհրաժեշտ մակարդակով կապիտալ ծախս անի (այս տարվա թերակատրման բացասական հետևանքները մնալու են): - Կարճաժամկետում կապիտալ ծախսերի թերակատարումը բերելու է նաև գործազրկության աճի և աշխատավարձերի նվազման (կամ աճի տեմպի զսպման) - Երկարաժամկետում պետական կապիտալ ծախսերի թերակատարումը նվազեցնելու է արտադրողականությունը և բացասաբար ազդի արտահանման վրա: - Ներկա իրավիճակում կառավարության “ոչ ծախսող” քաղաքականությունը երբեմն ներկայացվում է որպես դրական ձեռքբերում: Դա ինչ որ տեղ ճիշտ կլիներ, եթե լինենք կարճատես և դատողություններ անենք միայն ընթացիկ տարվա համար: Իրականում հեռատես տնտեսական քաղաքականությունը պահանջում է, որ կապիտալ ծախսերի թերակատարումը ահազանգ հնչեցնի կառավարությանը՝ իրավիճակն արագ շտկելու համար: - Ճիշտ չէ այն տեսակետը, որ կապիտալ ծախսեր չանելով և դրա հաշվին փող խնայելով պարտք/ՀՆԱ ցուցանիշը շարունակական բարելավում ենք: Միգուցե սա ճիշտ է մեկ տարվա համար, սակայն, կապիտալ ծախս չանելով երկարաժամկետում վտանգելու ենք նաև պարտք/ՀՆԱ ցուցանիշի բարելավման շարունակական գործընթացը, քանի որ թուլացնելու ենք տնտեսական աճի ներուժը: Ի դեպ վերլուծությունում վերցրել ենք 2019 թ-ի առաջին կիսամյակի շուրջ 65 մլրդ դրամ կապիտալ ծախսերի թերակատարման փաստը և դա տարածել ամբողջ տարվա համար: Սակայն, ակնհայտ այս թիվը մեծանալու է, քանի որ տարվա երկրորդ կեսին այս միտումների շարունակման պարագայում ծրագիրը ևս չի կատարվելու: Արդյունքում նյութում բերված գնահատականները (տնտեսության վրա թողած բացասական ազդեցության չափերը) կլինեն ավելի մեծ: Հ.Գ. Լրատվական աշխարհի իմ գործընկերները կարող են ընթերցել նյութի ներածությունը և եզրահանգումները»: Վերլուծությանը կարող եք ծանոթանալ [url=https://https://www.luys.am/img/artpic/small/bcf2bb72be7d8f033848%D5%80%D5%80%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A2%D5%B5%D5%B8%D6%82%D5%BB%D5%A5%D5%AB%D5%AF%D5%A1%D5%BA%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AC%D5%AE%D5%A1%D5%AD%D5%BD%D5%A5%D6%80%D5%AB%D5%A9%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8.pdf]այստեղ.[/url]

Նմանատիպ նյութեր