ՀՊՏՀ նոր ղեկավարությունը կոլեկտիվի ընդհանուր ժողովում ներկայացրել է ստեղծված իրավիճակը լիցքաթափելու ճանապարհային քարտեզ
                        Նոր ուսումնական տարվա անելիքները, ՀՊՏՀ-ում ստեղծված իրավիճակը, կրթության բոլոր շահառուների միջև ստեղծված անջրպետը հաղթահարելու, բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, կրթության որակի բարձրացմանը միտված հարցերը քննարկելու նպատակով ՀՊՏՀ ղեկավարությունը՝ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գլխավորությամբ, այսօր հրավիրել է կոլեկտիվի ընդհանուր ժողով, որին մասնակցում էին համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի ներկայացուցիչներ:
Բացելով հանդիպումը՝ Դիանա Գալոյանը նախ շնորհավորել է ՀՊՏՀ աշխատակիցներին նոր ուսումնական տարվա առթիվ, ապա ընդգծել, որ իր համար հավասարապես կարևոր են ՀՊՏՀ  բոլոր շահառուները՝ թե՛ ուսանողները, թե՛պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմը, թե՛ պետությունը, թե՛ գործատուները և թե՛ շրջանավարտները: Նրա խոսքով՝ անընդունելի է այս շահառուների միջև անջրպետը:
 Բուհի ղեկավարը հորդորել է՝ ուսանողների հետ պետք է գնալ երկխոսության, ականջալուր լինել նրանց մտահոգություններին, հետամուտ լինել նրանց բարձրացրած խնդիրների լուծմանը: «Ինձ համար այս իրավիճակում շատ կարևոր է բարոյահոգաբանական մթնոլորտի բարելավումը, հատկապես կարևոր է, որ մենք կարողանանք մեր բուհում ստեղծված խնդիրները լուծել մեր պատերի ներքո: Ես շատ եմ ցանկանում, որ մենք բոլոր խնդիրները քննարկենք բաց, հայտնենք քննադատական կարծիքներ, ազատորեն մերժենք անընդունելի երևույթները և համատեղ ուժերով հանգենք որոշումների, որոնք կլինեն ներառական և մասնակցային կառավարման արդյունք»,- հայտարարել է ռեկտորի պաշտոնակատարը:
Հանդիպումը վերածվել է լայն քննարկման, կարծիքներով և առաջարկներով հանդես են եկել շուրջ  երկու տասնյակ աշխատակիցներ, ողջունել համալսարանում ստեղծված իրավիճակը համախմբման և փոխադարձ հարգանքի մթնոլորտում լիցքաթափելու՝ՀՊՏՀ նոր ղեկավարի մոտեցումը:
Այնուհետև բուհի ղեկավարն առաջարկել է ստեղծված իրավիճակի բարելավման ճանապարհային քարտեզ, որը ներառում է մի շարք քայլեր՝ կոլեկտիվի կարգապահություն, թերադրություններով դասերի դասերի անցկացման բացառում, դասավանդման գործընթացների նկատմամբ վերահսկողության սահմանում, փորձագիտական խմբի ձևավորում, որը կմշակի մասնագիտական ատեստավորման և պաշտոնների տեղակալման մրցութային կարգ,հետազոտական բունուսային հիմնադրամի ձևավորում, KPI-երի համակարգի ներդնում:
Դիանա Գալոյանի ներկայացրած առաջարկները կոլեկտիվի միաձայն քվեարկությամբ հաստատվել և ընդունվել են որպես կոլեկտիվի որոշում: 
[b]ՀՊՏՀ Լրատվության և 
հասարակայնության հետ
 կապերի բաժին 
[/b]
                                            
                    
                                            
                        
            

