211652_close_icon
views-count1941 դիտում article-date 17:25 04-09-2019

«Զբոսաշրջային Հայաստան-2019» մրցանակաբաշխություն. սպասվում է ավելի քան 500 հյուր

«Զբոսաշրջային Հայաստան-2019» 6-րդ մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 8-ին՝ Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի այն կանցկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ: Միջոցառմանը սպասվում է 560 հյուր, ովքեր ժամանելու են Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից: Մրցանակաբաշխության ղեկավար Անահիտ Գևորգյանը նշեց, որ քվեարկությունն անցնելու է երկու փուլով: «Առաջին փուլում՝ դատարկ անվանակարգերը ներկայացվելու են հանրությանը և այն ընկերություններին, որոնք գործունեություն են ծավալում հենց զբոսաշրջության ոլորտում: Հենց իրենք առաջադրելու են տարվա լավագույնին: Առաջին փուլի քվեարկության արդյունքներով ձևավորվելու է 2-րդ փուլի լավագույն հնգյակը, ինչից հետո էլ ընտրվելու է հաղթողը»,- նշեց Գևորգյանը: Քվեարկությունն անցկացվելու է բաց և թափանցիկ, և հենց մրցանակաբաշխության օրը հայտնի կդառնան 15 անվանակարգում առաջադրված լավագույն զբոսաշրջային ընկերությունները, կազմակերպություններն ու անհատները: ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ասաց, որ իրենք շատ են կարևորել մրցանակաբաշխության անցկացման թափանցիկությունը: «Մրցանակաբաշխության էմոցիոնալ մասը պահպանելու համար որոշել ենք, որ հաղթողները հենց այդ օրը հայտնի դառնան: Համոզված եմ, որ այս միջոցառումը դեռ շարունակական կլինի, և եկող տարի կփորձենք ավելի մեծ մասշտաբով իրականացնել»,- շեշտեց Սաֆարյանը: Նա նշեց, որ Զբոսաշրջության կոմիտեի կողմից ավելացվել է «Լավագույն տպագրված նյութ» անվանակարգը: Մրցանակաբաշխության բոլոր հյուրերին կտրվեն արձանիկ-կրծքանշաններ: Հաղթող մասնակիցներին տրվող արձանիկները հեղինակել է քանդակագործ Մարգարիտա Մատուլյանը: Մրցանակաբաշխությանը լինելու են՝ «Տարվա էքսկուրսավար», «Լավագույն էքստրեմալ տուրիզմի նախագիծ», «Լավագույն ստարտափ», «Լավագույն էկոնախագիծ», «Ազգային ավանդույթներին ուղղված ծրագրեր», «Լավագույն զբոսավար», «Լավագույն թանգարան» և այլ անվանակարգեր: Ընդհանուր առմամբ քվեարկվող անվանակարգերը 15-ն են, իսկ չքվեարկվողները՝ 5-ը: Միջոցառման պաշտոնական բացումը կանի ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Մրցանակաբաշխությունը կուղեկցվի համերգային ծրագրով և տոնական ընթրիքով:

Նմանատիպ նյութեր