211652_close_icon
views-count1548 դիտում article-date 16:23 30-08-2019

Սեպտեմբերից ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկը կվերսկսի էլեկտրամատակարարումները

Սեպտեմբերից Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկը կվերսկսի էլեկտրաէներգիայի մատակարարումները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա անվտանգության պահանջներին համապատասխանության լրացուցիչ հետազոտությունների անցկացումից հետո։ «Կոմիտեն հաջորդ շաբաթ կուսումնասիրի էլեկտրաէներգիայի արտադրությունը վերսկսելու ՀԱԷԿ հայտը»,- ավելացրել է նա։ Մարտիրոսյանը նշել է, որ 2016-ին սկսված աշխատանքները կավարտվեն 2021 թվականին եւ իրականացվում են գրաֆիկից որոշակի շեղումով, ինչը կապված է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառների հետ, քանի որ աշխատանքների ծավալը շատ մեծ է։ Գնահատման աշխատանքները տարվում են երկու փուլով։ Առաջին փուլում գնահատվում է ռեսուրսի առկայությունն ԱԷԿ անվտանգ շահագործման համար 10 տարի ժամկետով։ Աշխատանքի մեծ մասն արդեն կատարված է, տեղի է ունեցել հաջող փորձարկում»,- նշել է Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագիծը կապված է ռեսուրսի վերականգնման եւ 10 տարով կայանի աշխատանքի երկարացման, ինչպես նաեւ ԱԷԿ անվտանգության մակարդակի եւ արդյունավետության բարձրացման հետ։

Նմանատիպ նյութեր