211652_close_icon
views-count1780 դիտում article-date 11:06 30-08-2019

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Ավելի քան քառորդ դար Արցախը կերտում է իր պայքարի, ազատության և ինքնիշխանության պատմությունը՝ ստեղծելով ու ամրապնդելով պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտները: Այդ ժամանակահատվածի մեկ տասնամյակից ավելին բաժին է ընկնում որպես Արցախի նախագահ Ձեր պաշտոնավարման շրջանին, երբ հայկական աշխարհի պատմական մի հատվածում շարունակել է լիարժեքորեն կայանալ և զարգանալ Արցախի հայկական հանրապետությունը: Դուք Ձեր փորձը, հեղինակությունը և բարդ իրավիճակները արժանապատվորեն հանգուցալուծելու հմտություններն ի շահ Արցախի եք ծառայեցրել նաև դրանից առաջ՝ թե արցախյան ազատագրական պայքարի ու պատերազմի, թե տարբեր պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Իսկ ժողովրդի վստահության քվեով երկու ժամկետ որպես Արցախի նախագահ պաշտոնավարելը վստահաբար վկայում է, որ Դուք հասել եք հաջողության: Թող այդ հաջողությունը Ձեզ մշտապես ուղեկցի բոլոր պետական ու ազգային ձեռնարկներում և անձնական կյանքում: Առողջություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր ընտանիքին»:

Նմանատիպ նյութեր