211652_close_icon
views-count4477 դիտում article-date 10:53 30-08-2019

Կանխել Անկարայից դեպի Բաքու ռուսական ռազմատեխնիկայի հնարավոր ճանապարհը. Հայաստանի խնդիրը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանի ռուսական այցի ընթացքում ՌԴ նախագահը նրան ոչ միայն պաղպաղակ, այլև կործանիչ է հյուրասիրել՝ Սու 35 և Սու 57 բազմաֆունկցիոնալ, հինգերորդ սերնդի կործանիչներ, որոնք Ռուսաստանն առաջարկում է Անկարային: Մոսկվան փորձում է օգտվել այն բանից, որ ԱՄՆ-ն հրաժարվեց Թուրքիային վաճառել հինգերորդ սերնդի Ֆ 35 կործանիչներ՝ այդպիսով պատժամիջոց կիրառելով ռուսական Ս 400 ՀՕՊ համակարգի գնման համար: Թուրքիան չանսաց պատժամիջոցի սպառնալիքին և հիմա Էրդողանի մակարդակով ցուցադրաբար հետաքրքրվում է ռուսական կործանիչներով: Այս իրավիճակը բնականաբար պետք է հետաքրքրի Հայաստանին: Եվ ամենևին ոչ միայն ռուս-թուրքական ռազմատեխնիկական զուտ գործակցության պատճառով: Բանն այն է, որ ռուսական կործանիչները Անկարայում հայտնվելուց հետո կարող են հայտնվել Բաքվում: Առավել ևս, որ դեռևս երկու տարի առաջ Հայաստանի՝ Ռուսաստանից Սու 30 կործանիչներ գնելու վերաբերյալ խոսակցության ֆոնին ռուսական ռազմական փորձագիտական շրջանակները սկսեցին խոսել այն մասին, որ Մոսկվան, դրանք տրամադրելով Հայաստանին, մտադիր է, այսպես ասած, շահագրգռել Ադրբեջանին ավելի նոր սերնդի օդանավեր գնելու համար: Մյուս կողմից՝ Ապրիլյան պատերազմից և, առավել ևս, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Մոսկվան որոշակիորեն կաշկանդված է Ադրբեջանի հետ մասշտաբային ռազմատեխնիկական գործակցության հարցում՝ պայմանավորված մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոններով: Միաժամանակ, ամենևին վերացած չեն նաև այն գործոնները, որոնց հիման վրա 2004 թվականից սկսած Ռուսաստանը վարել է Բաքվի հետ «ռազմավարական գործընկերության» քաղաքականություն՝ քայլ առ քայլ ընդլայնելով այն և դրա մահաբեր ուժը: Եվ այստեղ Մոսկվայի ու Բաքվի միջև տեսական միջնորդ կարող է դառնալ Անկարան, որը ձեռք բերած ռուսական կործանիչների մի մասը կարող է տրամադրել Բաքվին՝ թեկուզ իհարկե վերավաճառելով դրանք ինքնարժեքով: Համենայնդեպս, դրա տեսական վտանգն առկա է, ինչը նշանակում է, որ Երևանը պետք է մի կողմից՝ համակ ուշադրությամբ հետևի այդ զարգացումներին, մյուս կողմից՝ պատրաստ լինի վտանգը տեսականից գործնականի հնարավոր անցման փուլում իսկ հակադարձել դրան և կանխարգելել, եթե լինի անհրաժեշտություն: Համենայնդեպս ակնառու է, որ ռուս-թուրքական ռազմատեխնիկական այդօրինակ գործարքի պարագայում Երևանը պետք է ունենա ՌԴ երաշխիքը, որ այդ գործարքը չի լինի ռուս-ադրբեջանական միջնորդավորված առևտուր՝ ստեղծելով անմիջական սպառնալիքներ Հայաստանի ու Արցախի համար և սպառնալիքի տակ դնելով նաև օդային գերակայության հայկական ռազմավարության հեռանկարը, որին անցնելու մասին հայտարարել է Պաշտպանության նախարարությունը: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր