211652_close_icon
views-count2585 դիտում article-date 18:33 28-08-2019

Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն Փարիզում հանդես կգա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին

Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) սեպտեմբերի 28-ին Փարիզում հանդես կգա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին: Համերգը կկայանա Փարիզի նեոդասական ճարտարապետության ոճի Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցում - ÉGLISE DE LA MADELEINE: Երեկոյին կհնչեն Կոմիտասի և նրա ժամանակակիցների՝ Ռավելի և Դեբյուսիի ստեղծագործությունները: Ծանոթացնելով Կոմիտասյան երգարվեստին՝ ի ցույց կտրվի XX-րդ դարի եվրոպական երաժշտական նոր մտածելակերպի ազդեցությունը, ստեղծագործական մտքի պատկերավոր ներշնչանքը։ Ծրագիրն ավելի հետաքրքրական և յուրահատուկ դարձնելու համար առաջին անգամ թե՛ Կոմիտասի, թե՛ Ռավելի, և թե՛ Դեբյուսիի վոկալ-դաշնամուրային ստեղծագործությունները ֆրանսիական նվագախմբի մեկնաբանությամբ, հատուկ այս համերգի համար, գործիքավորելու աշխատանքը հանձն է առել Պետրոս Շուժունյանը: Համերգին հանդես կգա նաև սիրված սոպրանո Աննա Կասյանը: Ադամ Բարրոյի համար շատ կարևոր էր Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ այս համերգով հետաքրքրել ոչ միայն ֆրանսաբնակ հայ ունկնդրին, այլ նաև՝ նոր մեկնաբանությամբ հրամցնել ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները ֆրանսիացիներին, միևնույն ժամանակ՝ արժևորելով՝ նաև հայ երգը: Տեղեկացնենք, որ համերգի իրականացմանն աջակցել են Ֆրանսիայի Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները, Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատունը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF), AYP FM ռադիոընկերությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը (UGAB), Փարիզի քաղաքապետարանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր