211652_close_icon
views-count1147 դիտում article-date 11:34 28-08-2019

Ամուլսարի ֆոնին Հայաստանի վարչապետի մասնակցությունը Լեհաստանի տնտեսական ֆորումին դառնում է իրապես ինտրիգային. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Լեհաստանում տեղի ունենալիք ամենամյա տնտեսական ֆորումին, որը կանցկացվի 29-րդ անգամ: Ֆորումի պաշտոնական կայքը հայտնել է, որ Փաշինյանը կլինի ամենասպասված հյուրերից մեկը: Լեհաստանի տնտեսական ֆորումը ընթացիկ տարում հերթականն է, որին կմասնակցի Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դավոսի համաշխարհային հավաքին, մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, այժմ նա լինելու է Լեհաստանի միջազգային տնտեսական ֆորումի հյուրը: Կասկած չկա, որ Հայաստանի վարչապետը ֆորումի մասնակիցներին է ներկայացնելու Հայաստանի թավշյա հեղափոխությունն իր համակողմանի նշանակալիությամբ՝ փորձելով այդ հանգամանքը դիտարկել Հայաստանի ներդրումային գրավչության տեսանկյունից, դրա քաղաքակրթական-արժեհամակարգային համատեքստով: Ի՞նչ կոնկրետ տնտեսական էֆեկտ են ունենում այդ շնորհանդեսները, որ Հայաստանի թավշյա հեղափոխության համար անում է վարչապետը միջազգային համաժողովային հարթակներում՝ բավականին բարդ է չափելը: Ինքնին հասկանալի է, որ անմիջական տնտեսական էֆեկտի, արդյունքի տեսանկյունից չափումը մխիթարական լինել չի կարող: Մյուս կողմից՝ հնարավոր էլ չէ պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո լինելու է ներդրումների առատ հոսք՝ ինչպիսին էլ լինի ելույթը, և թերևս ով էլ ունենա այդ ելույթը: Բանն այն է, որ տնտեսական գործընթացները, որպես կանոն, ժամանակատար գործընթացներ են, առավել ևս ներկայիս համաշխարհային ռիսկայնության բարձր մթնոլորտում՝ ուժային կենտրոնների միջև առևտրային պատերազմների թեժ փուլում: Այստեղ, իհարկե, կապիտալին հետաքրքրելու համար պահանջվում են ոչ միայն ելույթ-շնորհանդեսներ՝ դրանք իհարկե ունեն իրենց որոշակի տեղն ու դերը, այլ նաև տնտեսաքաղաքական և ընդհուպ՝ ռազմաքաղաքական համալիր ջանք, ինչն ինքնին արդեն իսկ ժամանակատար գործընթաց է: Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո այդ ուղու վրա է՝ դա ակնառու է: Հայաստանում փոփոխությունը բերել է արտաքին քաղաքական որոշակի շեշտադրումների փոփոխության, որոնք իրենց մեջ պարունակում են բավականին խորքային, ընդհուպ՝ ռազմաքաղաքական վերափոխումների ներուժ և դրա հանդեպ միջազգային հետաքրքրություն, ընդ որում՝ տարբեր ուժային կենտրոններից: Այստեղ, սակայն, հատկանշականն այն է, որ Լեհաստանի ֆորումին Նիկոլ Փաշինյանը մեկնում է առանձնահատուկ հարցի ֆոնային ուղեկցությամբ՝ Ամուլսար: Այստեղ պատկերը հակասական է: Լեհաստանի տնտեսական ֆորումն անցկացվում է Եվրոպայում հեղինակավոր առողջարանային քաղաքներից մեկում: Այդ տեսանկյունից թվում է, թե Ջերմուկի համար Ամուլսարի դեմ պայքարը պետք է «տրենդային» լինի: Մյուս կողմից, սակայն, ֆորումի անցկացման վայրն ինքնին դեռևս չի կանխորոշում ֆորումի բովանդակություն և, այսպես ասած, տրամադրություն: Խոսքը բիզնեսի մասին է, իսկ բիզնեսում գերակա է մի հարց՝ ներդրումների պաշտպանության և սեփականության անձեռնմխելիության խնդիրը: Մնացյալ հարցերն այդ իմաստով ածանցյալ են: Եվ այստեղ, ահա, Ամուլսարի ֆոնին Հայաստանի վարչապետի մասնակցությունը Լեհաստանի տնտեսական ֆորումին դառնում է իրապես ինտրիգային»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր