211652_close_icon
views-count1619 դիտում article-date 20:44 27-08-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «Ֆրեսկո» միջազգային փառատոնի հյուրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Մայր Աթոռի հովանու ներքո անցկացվող «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի հյուրերին, կազմակերպիչներին և կամավորներին: Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ փառատոնի համահիմնադիր Աննա Կարապետյանը անդրադարձավ փառատոնի շրջանակներում անցնող օրերին տեղի ունեցած միջոցառումներին և դրանց շուրջ դրական արձագանքին, ապա ներկայացրեց փառատոնի պատվավոր հյուրերին և մասնակիցներին՝ շեշտելով, որ կամավորական աշխատանքներում այս տարի ներգրավվել են բազում երիտասարդներ, այդ թվում նաև Խարբերդի մանկատան սաները: Փառատոնի աշխատանքին անդրադարձավ նաև Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորման պատասխանատու Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին բաշխեց իր հայրական օրհնությունը: Հայոց Հայրապետն իր մասնավոր ուրախությունը հայտնեց, որ փառատոնը տարեց տարի ավելի մեծ ճանաչում և ընդգրկում է ձեռք բերում՝ գրավելով երիտասարդների հետաքրքրությունն ու ընդլայնելով նրանց ներգրավվածությունը կազմակերպչական աշխատանքներում: Նորին Սրբությունը ցավով արձանագրեց, որ ներկա ժամանակներում մարդկության առջև ծառացած տարբեր մարտահրավերների պատճառով հոգևոր արժեքները երբեմն նահանջ են ապրում, ուստի առավել կարևոր և արդիական են դառնում բարոյական, հոգևոր արժեքների քարոզմանն ու տարածմանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունները: Այս իմաստով Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի և Մայր Աթոռի միջև ձևավորված համագործակցությունը: Գարեգին Երկրորդ Հայրապետը բարձրորեն գնահատեց նաև Քույր Եկեղեցիների ներկայացուցիչ եկեղեցականների մասնակցությունը փառատոնին` ընդգծելով ներկա ժամանակաշրջանում անհրաժեշտությունը ջանքերի մեկտեղման և նման միջոցառումների քաջալերման ու խրախուսման, որոնք գալիս են հանրության կյանքում ամրապնդելու հոգևորը, արվեստի միջոցով հասարակության ուշադրությունը հրավիրելու բարոյական, հոգևոր արժեքներին: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ փառատոնը կշարունակի իր աստվածահաճո գործունեությունը և դրական արձագանքների կարժանանա թե´ Հայաստանում, թե´ Հայաստանի սահմաններից դուրս: Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց փառատոնի կազմակերպիչներին ու կամավորներին՝ հայցելով, որ Տերը օրհնի և արդյունավորի նրանց հանրօգուտ ջանքերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր