211652_close_icon
views-count2189 դիտում article-date 12:25 26-08-2019

Հնդկաստանում ԵՊԲՀ-նն է ճանաչվել oտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում օրերս կայացած «Կրթության գերազանցություն, գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխությանը ԵՊԲՀ-ն հաղթող ճանաչվեց «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում: Ինչպես հայտնեցին ԵՊԲՀ-ից, Հնդկաստանում ԵՊԲՀ-ի շրջանավարտների միության նախագահ Դալջետ Սինգ Չաուհանին և ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանին մրցանակը հանդիսավոր կերպով հանձնեց Հնդկաստանում ճանաչված դերասան Ջեկի Շրոֆֆը: Այս անվանակարգում Հնդկաստանի կողմից շնորհվող մրցանակը բժշկական կրթության ոլորտում երկարատև աշխատանքի գնահատական է, որն ավելի կսերտացնի ու կամրապնդի կրթության բնագավառում երկու երկրի համագործակցությունը: ԵՊԲՀ-ն, կարևորելով բժշկական կրթության արտահանումը որպես ռազմավարություն, շարունակում է ընդունել, կրթել ու բժիշկներ պատրաստել այլ երկրների համար: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր բազմաթիվ արտասահմանցի ուսանողների կողքին հնդիկ ուսանողների թիվը մնում է գերակշռող՝ ավելի քան 600 ուսանող: Համաձայն Հնդկաստանի ազգային քննական հանձնաժողովի տվյալների՝ արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննություն (Foreign Medical Graduates Examination (FMGE)) հանձնելու վիճակագրությամբ ԵՊԲՀ-ն ևս առաջատարների շարքում է: Բժշկական համալսարանում կրթություն ստացած հնդիկ ուսանողները վերադառնալով իրենց երկիր՝ բժշկական գործունեություն սկսելուց առաջ, բարեհաջող հանձնում են արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննությունը՝ բարձրացնելով թե՛ բժշկական բուհի, և թե՛ Հայաստանի վարկանիշը միջազգային կրթական հարթակներում:

Նմանատիպ նյութեր