211652_close_icon
views-count903 դիտում article-date 12:14 25-08-2019

Գյումրին պիտի աղետը թողնի հիշողության մեջ ու արվեստով լցնի իր կյանքը. Հանրապետության նախագահի ուղերձը Գյումրիի օրվա առթիվ

Սիրելի՛ գյումրեցիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ հյուրեր, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գյումրիի օրվա առթիվ: Այս տարի քաղաքի տոնը անցկացվում է «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրով։ Եվ դա պատահական չէ, որովհետև Գյումրին տվել է և տալիս է խոսքի ու գործի բազում իսկական վարպետներ, որոնց ստեղծածը մնայուն արժեքներ են: Գյումրվա ավանդույթները, պատմությունը, լեզուն, կենցաղը գյումրեցու հետ միասին ձևավորում են քաղաքի կոլորիտը: Եվ ամեն ինչ պետք է անել, որ այն ոչ միայն չկորչի, այլ դառնա ավելի գունագեղ և գրավիչ: Իմ բոլոր այցելությունները Գյումրի ունեն հստակ նպատակ՝ ցույց տալ, որ Գյումրին ապրում է, ամեն ինչ անել, որ այնտեղ կյանքը դառնա առավել աշխույժ, լեցուն ու գրավիչ: Ցույց տալ Հայաստանի բազմազանությունը նաև Գյումրու օրինակով, որտեղ մեկ անգամ այցելելով՝ սիրտդ իսկապես կկպչի նրան: Գյումրին չպետք է մնա արվեստի ու աղետի արանքում: Գյումրին պիտի աղետը թողնի հիշողության մեջ ու արվեստով լցնի իր կյանքը՝ ապրելու, ստեղծելու, արարելու արվեստով: Սիրելի՛ գյումրեցիներ, Դուք մի շատ լավ խոսք ունեք՝ «Լացն ու խնդումը պոյեզի գծերի պես միշտ իրար կողքի կերթան»: Պիտի այնպես անենք, որ լացի «պոյեզը» երբեք խնդումի «պոյեզի» հետևից չհասնի: Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Գյումրի: Եվ ինչպես պոետն է ասում. «Արագածին բազմած արծիվ, Հավերժ կապրես, իմ քաղաք»:

Նմանատիպ նյութեր