211652_close_icon
views-count3166 դիտում article-date 22:52 20-08-2019

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում, Ստեփանակերտում և Գյումրիում

Սեպտեմբերի 1-13-ը կանցկացվի «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, մեր օրերի լեգենդար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին։ Կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունները ներառող համերգները կանցկացվեն Երևանում, Ստեփանակերտում և Գյումրիում։ Համերգաշարը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ կներկայացնի կոմպոզիտորի հայտնի մեղեդիները նոր գործիքավորմամբ։ Հինգ համերգների ընթացքում կհնչեն Մանսուրյանի կինոերաժշտությունը, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։ Երաժշտական փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության տոնի նախօրեին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ բացօթյա համերգով, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Մանսուրյանի՝ հայտնի ֆիլմերի համար գրված երաժշտությունը: Սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կթևածի մաեստրոյի կամերային երաժշտությունը, որն ունկնդրին կմատուցեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ Սարյանի անվան լարային քառյակը, դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին և սոպրանո Աննա Ավդալյանը։ Սեպտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թավջութակահար Անյա Լեխների, ջութակահար Անուշ Նիկողոսյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ կներկայացնի Տիգրան Մանսուրյանի գործիքային կոնցերտները։ Սեպտեմբերի 6-ին երևանյան համերգին սիմֆոնիկ նվագախումբն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի Մանսուրյանի կինոերաժշտությունը։ Իսկ սեպտեմբերի 13-ին մանսուրյանական փառատոնը կեզրափակվի խորհրդանշական մի վայրում՝ Գյումրու Սև բերդ հուշարձանում։ Նշենք, որ Մանսուրյանին Շիրակ աշխարհի հետ բարի ու ջերմ հիշողություններ են կապում՝ Բեյրութից Մանսուրյանների ընտանիքը ժամանակին հենց Շիրակ է ներգաղթում։ Գյումրիում է մաեստրոն ստանում իր առաջին երաժշտական կրթությունը։ Նվագախմբի ռազմավարական գործընկեր՝ «ԻՄ ՔԱՅԸ» հիմնադրամ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Նմանատիպ նյութեր