211652_close_icon
views-count2563 դիտում article-date 12:22 20-08-2019

Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016թ-ի եզրակացությունը․ ՀԲՃ-ն դիմում է նախարարին

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն այսօր դիմել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ «Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում պատվիրված ուսումնասիրությունների վերջնական զեկույցում, որն հասանելի է քննչական կոմիտեի պաշտոնական կայքի հետևյալ էջում կան բազմաթիվ փաստեր, որոնք պարտադիր պետք է ուսումնասիրվեն ձեր նախարարության կողմից և գնահատվեն ՀՀ բնապահպանական և այլ օրենսդրության հետ համատեղելիության առումով։ Ներկայացնենք դրանցից մեկն ու մեր ակնկալիքները որպես պետական լիազոր մարմին ձեր համապատասխան գործողությունների մասով։ Ըստ քննչական կոմիտեի տեխնիկական առաջադրանքի կետերից մեկի (էջ 17)՝ լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների ուսումնասիրությունների նպատակներից մեկն է եղել հետևյալը․ «Հասկանալ և գնահատել Լիդիանի կողմից ներկայացված եզրույթի գիտական ճշգրտությունը, առ այն, որ Ամուլսարն առանձին/մեկուսացված երկրաբանական բլոկ է»: Այս հարցի հետ կապված զեկույցի 39-րդ էջում գրված է հետևյալը՝ մեջբերում․ «Ծրագրի տարածքը միայն մասամբ է ընդգրկված Ամուլսարի տեկտոնիկ բլոկի (ԱՏԲ) ներսում: Ամբողջ Տիգրանես-Արտավազդես-Արշակ բացահանքի տարածքը և էրատո բացահանքի առնվազն մի մասը գտնվում են Ագարակաձոր բեկվածքի և ԱՏԲ հարավային հատվածում: Բացի այդ, դատարկ ապարների լցակույտը (ԴԱԼ) գտնվում է Զիրակի բեկվածքի ուղեգծի երկու կողմում, ընդ որում՝ ԴԱԼ-ի որոշ մասերը ընկնում է բեկվածքից և ԱՏԲ-ից հյուսիս: Կեչուտի ջրամբարի առնվազն կեսը գտնվում է ԱՏԲ-ի ներսում՝ դրա հյուսիսային գագաթի մոտակայքում: Զիրակի բեկվածքից հյուսիս ընկած ԴԱԼ-ի մի մասից հնարավոր արտահոսքը ստերգետնյա ջրեր կարող է հանգեցնել այն բանին, որ աղտոտված ջրերը հասնեն Մադիկենց աղբյուրներին: Իսկ բացահանքերի տակ գտնվող ստորգետնյա ջրերը կարող են հոսել Դարբ և Որոտան գետեր: Դարբ և Արփա գետերի գտնվելու վայրն ունի կառուցվածքային կախվածություն, գետերը սովորաբար հանդիսանում են հիդրավլիկ սահմաններ (ուղղահայաց պրոյեկցիայի ուղղությամբ ստորգետնյա ջրերի հոսք առկա չէ): Բացի այդ, բեկվածնքները կարող են խոչընդոտ հանդիսանալ ստորգետնյա ջրերի հոսքի համար, և հիդրոջերմային փոփոխվածությունը ավելացնում է այն հավանականությունը, որ բեկվածքները խոչընդոտ են ստորգետնյա ջրերի հոսքի համար: Սակայն, քանի որ ԴԱԼ-ի և հանքի բացահանքերի տարածքների մեծ մասը գտնվում են Ամուլսարի տեկտոնիկ բլոկից դուրս, սխալ է ասել, որ հանքը չի կարող ազղել տարածքների վրա (այդ թվում՝ քաղցրահամ ջրերի), որոնք գտնվում են ԱՏԲ-ի մերձակայքում: Բացի այդ, բեկվածքները կարող են լինել ստորգետնյա ջրերի հոսքի խողովակներ: Այդ հավանականությունը վկայում է, որ Ագարակաձորի բեկվածքը կարող է տանել աղտոտված ստորգետնյա ջուրը դեպի Դարբ և Արփա գետեր, իսկ Զիրակի բեկվածքը կարող է տանել աղտոտված ստորգետնյա ջուրը, այդ թվում՝ պոտենցիալ արտահոսքի ջուրը ԴԱլ-ից (բարձրությունը մոտավորապես 2600մ) դեպի Կեչուտի ջրամբար (բարձրությունը մոտավորապես 1950մ) և/կամ Որոտան գետ (բարձրությունը մոտավորապես 2200մ, Զիրակի բեկվածքի նախագծված հատման վրա): ԴԱԼ-ից հյուսիս շարժվող մակերևութային և ստորգետնյա ջրերը հոսում են հյուսիս-արևմտյան հետագծով դեպի Արփա գետ և Կեչուտի ջրամբար»: Նշենք, որ Լիդիանը տարիներ շարունակ հանրությանն ու ՀՀ կառավարությանը ներկայացրել է ամբողջովին հակառակ փաստեր՝ նշելով․ «Ամուլսարի տեկտոնական բլոկն ինքնուրույն է ոչ միայն երկրաբանական կառուցվածքով, այլ նաև ինժեներահիդրոերկրաբանական առանձնահատկություններով: Բլոկի հիդրոերկրաբանական ռեժիմը ևս ինքնուրույն է. հարակից շրջանների քաղցրահամ ջրային ավազանների հետ կապ չունի և հանքավայրի շահագործման ժամանակ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ նրանց հիդրոերկրաբանական պայմանների և ստորգետնյա ջրերի ռեժիմների և քիմիական կազմի վրա: Ամուլսարի երկրաբանական բլոկի մորֆոլոգիան ապահովում է հիդրոերկրաբանական (ավտոնոմ) պայմանները»: Սա գրված է նախարարության կայքում տեղադրված փաստաթղթերից հավելված 21-ի 8-րդ էջում։ Այս պնդումների մասին հստակ գրված է նաև «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների ուսումնասիրությունների մեջ (էջ 34-35)՝ մեջբերում․ «Ամուլսարի տեկտոնիկ բլոկի (ԱՏԲ) գտնվելու վայրը և բնութագրերը նկարագրված են Geoteam (2014) և GRZ-ում (2011): Համաձայն սույն փաստաթղթերի Ծրագրի տարածքը գտնվում է ԱՏԲ-ում՝ կենտրոնական ինքնավար տեկտոնիկ բլոկում, որը բաղկացած է էոցեն-օլիգոցեն հրաբխային գմբեթից, իսկ ԱՏԲ գտնվում է Արփա, Որոտան և Դարբ գետերի գետամեջում: ԱՏԲ-ն եռանկյունաձև է, որն ամբողջովին սահմանափակվում է երեք հիմնական հատվող տեկտոնիկ բեկվածնքներով՝ Կեչուտի բեկվածք, Ագարակաձորի բեկվածք և Զիրակի բեկվածք․․․Ըստ GRZ (2011) և Geoteam (2014), ԱՏԲ անկախ է (կամ մեկուսացված)՝ ելնելով իր հիդրոերկրաբանական հատկանիշներից: Նրանք ասում են, որ ԱՏԲ կապված չէ հարակից շրջանների հետ և Հանքը չի կարող ազդել ԱՏԲ-ին հարակից շրջանների հիդրոերկրաբանության և ջրի որակի վրա, այդ թվում՝ հանքային և քաղցրահամ ջրերի աղբյուրների վրա, մասնավորապես Ջերմուկի հանքային աղբյուրները: Նմանատիպ հայտարարություններ կան «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի կայքում»: Այս փաստերը նշանակում են, որ 2016 թվականի ապրիլի 29-ին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ35 եզրակացությունից հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ, որոնց հիման վրա նախարարությունը պարտավոր է ուժը կորցրած ծանաչել այդ եզրակացությունը՝ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի։ Խնդրում ենք կատարել օրենքով ձեր վրա դրված այս պարզագույն պարտավորությունը։ Կից ներկայացնում ենք նաև համապատասխան գծագիր-քարտեզը։ Լրացուցիչ ծախսեր չանելու համար՝ պատասխանը կարող եք ուղարկել մեր էլեկտրոնային փոստին՝ [email protected]»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր