ՊԲ-ում մեկնարկել է բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը
Պաշտպանության բանակում օգոստոսի 19-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այդ առիթով ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողներին, ի թիվս բարձրաստիճան այլ պաշտոնյաների, շնորհավորելու էր եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:
Բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ՝ կարևորելով նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը հայրենյաց պաշտպանի առաքելությունը պատվով կատարելու և տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմագրավելու գործում:
Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը:
Նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ՊԲ բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ: