211652_close_icon
views-count1659 դիտում article-date 20:20 13-08-2019

ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել Արթուր Իսրայելյանը

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը: Արթուր Իսրայելանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը: 1999-2000 թթ. նա Դամասկոսի արաբերեն լեզվի ինստիտուտում մասնակցել է օտարերկրացիների համար նախատեսված հատուկ դասընթացին: 2002-2004 թթ. սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի մագիստրատուրայում: 2004-2007 թթ. եղել է Դամասկոսի համալսարանի բանասիրության և հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի ասպիրանտ: 2007 թվականին Դամասկոսի համալսարանում պաշտպանել է «Պատերազմական արվեստը Մամլուք Բահիրիների դարաշրջանում (1250-1382 թթ.)» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Արթուր Իսրայելյանը 2008 թվականից ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դասախոս է: 2010-2014 թթ. նա եղել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի արևելյան լեզուների ամբիոնի հիմնադիր-վարիչը: 2011 թվականից Արթուր Իսրայելյանը ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ է, 2015 թվականից՝ ԵՊՀ չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավարը: 2014-2019 թթ. Արթուր Իսրայելյանը եղել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի՝ արտաքին կապերի գծով տեղակալը: 2019 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնը: Արթուր Իսրայելյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է հայ-արաբական պատմամշակութային առնչությունները, արաբական աշխարհը միջազգային հարաբերություններում, իսլամագիտությունը, արաբական միջնադարյան պատմությունը և մշակույթը, կորեագիտությունը, չինական պատմագրությունը և գրերը: Արթուր Իսրայելյանը մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և դրամաշնորհային ծրագրերի: 2009 թվականին Կահիրեում նա արժանացել է «Արաբերեն լեզու և մշակույթ» և «Հայ-եգիպտական 15-ամյա դիվանագիտություն և բարեկամություն» հուշամեդալների, իսկ 2014 թվականին՝ ԵՊՀ ռեկտորի շնորհակալագրի: Արթուր Իսրայելյանը «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է:

Նմանատիպ նյութեր