211652_close_icon
views-count752 դիտում article-date 10:23 13-08-2019

Արդարադատության նախարարը շրջայց է կատարել «Արմավիր» ՔԿՀ-ում, հանդիպել ցմահ բանտարկյալներին և լսել նրանց մտահոգությունները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ Պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, պատգամավոր Մարիա Կարապետյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի հետ օգոստոսի 12-ին շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՔԿՀ պետ Գերասիմ Գևորգյանի ուղեկցությամբ քրեակատարողական հիմնարկում կատարած շրջայցի ընթացքում նախարարը և պատգամավորները ծանոթացել են դատապարտյալների պահման պայմաններին, դատապարտյալների առողջության առաջնային պահպանման համար ՔԿՀ-ում առկա հնարավորություններին և խնդիրներին, մատուցվող սննդացանկին և սննդի պատրաստման պայմաններին: Շրջայցի ընթացքում նախարար Բադասյանը հանդիպել է իր հետ զրուցելու ցանկություն ունեցող ցմահ դատապարտյալներին, լսել նրանց մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերել են քրեական գործերի վերաբացմանը, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի պատշաճ կիրառմանը, ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու նոր կարգավորման կիրառման հստակեցմանը, ինչպես նաև Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգին: Նախարարը տեղեկացրել է, որ գործերի վերանայման իրավական հիմքերում Արդարադատության նախարարությանը որևէ լիազորություն վերապահված չէ, հետևապես, իրատեսական չէ այդ հարցով Նախարարությունից ակնկալիք ունենալը: Ինչ վերաբերում է Նախարարության իրավասություններին առնչվող հարցերին՝ Ռուստամ Բադասյանը վստահեցրել է, որ հստակ քայլեր կձեռնարկվեն պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը կատարելագործելու և ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգավորումն առավել ճկուն դարձնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր