211652_close_icon
views-count1454 դիտում article-date 13:36 12-08-2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Կազիմիրովին ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ. «Հարգելի Վլադիմիր Նիկոլայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: Որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ ներկայացուցիչ և համանախագահ՝ Դուք լրջագույն ավանդ եք ունեցել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների սկզբնավորման գործում: Անգնահատելի են Ձեր ջանքերը կողմերի միջև զինադադարի համաձայնության ձեռքբերման, հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ապահովման և բանակցությունների լիարժեք ձևաչափի ձևավորման ուղղությամբ: Ավարտելով Ձեր կարևոր միջնորդական գործունեությունը՝ Դուք չեք հեռացել մեր տարածաշրջանից՝ մշտապես Ձեր փորձը ծառայեցնելով երկարատև խաղաղության հաստատման նպատակին: Ձեր գնահատականներն ու մեկնաբանությունները աչքի են ընկել անաչառությամբ և հակամարտության պատճառներին ու հետևանքներին խորապես ծանոթ լինելու փաստով: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Ձեր միջնորդական գործունեությունը Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման, տարածաշրջանում կայունության ապահովման գործում: Հարգելի Վլադիմիր Նիկոլայի,ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր