211652_close_icon
views-count1700 դիտում article-date 14:36 10-08-2019

Փաշինյանը Մարալիկում մասնակցեց բամբակամանվածքային գործարանի բացման արարողությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարալիկում մասնակցեց բամբակամանվածքային գործարանի բացման արարողությանը: [url=https://armenpress.am/arm/news/984518.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 10-ին վարչապետը շրջեց գործարանի տարածքով և ծանոթացավ ընթացող աշխատանքներին: Գործարանի համասեփականատեր Գևորգ Գասպարյանը նշեց, որ թել արտադրող իրենց գործարանն իր շուրջը կհամախմբի ամբողջ տեքստիլը: «Բազմաթիվ փոքր գործարաններ կսկսեն աշխատել և հսկայական աշխատատեղ կապահովվի»,- ասաց նա: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ կառավարությունն օրենքով նախատեսված արտոնություն է տրամադրել գործարանին, իսկ անհրաժեշտության դեպքում գործարանը կկարողանա ընդլայնել ամսական արտադրվող թելի ծավալը: «Գործարանն այս պահին պատրաստվում է ամսական 300 տոննա թել արտադրել, բայց, եթե կլինեն կազմակերպություններ, որոնք պահանջարկ կստեղծեն, հնարավոր կլինի ընդլայնել արտադրվող թելի ծավալը»,- նշեց նախարարը: Գործարանի բացման համար արդեն ներդրվել է ավելի քան 4 մլն դոլար: Հայաստանի կառավարությունը մինչև 13 մլն ներդրման արտոնություն է տրամադրել։ Գործարանը 297 հազար դրամ միջին աշխատավարձով աշխատատեղեր կապահովի 150 մարդու համար։ Այն հիմնադրվել է նախկին բամբակամանվածքային գործարանի տարածքում, որից ոչինչ չէր մնացել։ Նախկինում` Խորհրդային միության տարիներին, 1700 մարդ է աշխատել գործարանում։ Թելերի միակ արտադրությունը Հայաստանում կիրականացվի նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։ Ընկերությունն այժմ ունի 41 աշխատակից, որոնք վերապատրաստվել են հրավիրյալ մասնագետների օգնությամբ։ Առկա են թափուր աշխատատեղեր, քանի որ թելի մանվածքային գործարաններում ընդունված է 24/7 աշխատանքային ռեժիմ կիրառել։ Ընկերությունն առաջին փուլով նախատեսում է ունենալ մինչև 120 աշխատակից։ Հաջորդիվ գործարկվելու է նաև բժշկական բամբակյա իրերի արտադրություն, այժմ հաստոցները ճանապարհին են, որի արդյունքում կավելանան և աշխատատեղերը։ Առաջին փուլով ամսական թողարկվելու է 380 տոննա թել, որը կիրառություն ունի բամբակյա պարանների, բրեզենտների, ձեռնոցների, գուլպաների և խավավոր սրբիչների արտադրության մեջ։ Ընդհանուր առմամբ, գործարանն արտադրելու է բամբակյա, կիսաբամբակյա թելեր, ինչպես նաև գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ, որի արդյունքում լուծվելու է տեքստիլ արտադրության թափոնների հարցն ամբողջ Հայաստանում։ Հիմնական շուկաներն են լինելու Հայաստանը, Ռուսաստանը։

Նմանատիպ նյութեր