211652_close_icon
views-count1325 դիտում article-date 17:45 09-08-2019

Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացման ծրագրի շրջանակում ստեղծվել է աշխատանքային խումբ

ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացման ծրագրի շրջանակում աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Այս մասին նշված է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքում: Որոշումով հանձնարարված է աշխատանքային խմբի ղեկավարին՝ յուրաքանչյուր շաբաթ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն՝ վերոնշյալ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ: Աշխատանքային խումբը ղեկավարելու է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Խմբի աշխատանքներին ներգրավված են ՊԵԿ նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանը, Միքայել Փաշայանը, ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ: Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրի իրականացման շրջանակում գործադիրը որոշել է վերաբաշխում կատարել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 966,480.8 հազար դրամով: Միջոցներն ուղղվելու են ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը, որի վերաբերյալ որոշումն ընդունվել էր ՀՀ կառավարության օգոստոսի 1-ին կայացած նիստում:

Նմանատիպ նյութեր