211652_close_icon
views-count12475 դիտում article-date 12:16 09-08-2019

Քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք»-ի աղբադույլերը, չեն կատարվում սահմանված վճարումները, արդյունքում՝ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ընկերության հայտարարությունը

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ կապված Երևան քաղաքում աղբահանության խնդրի չլուծման հետ: Դրանում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ, Հարգելի՛ համաքաղաքացիներ, «Սանիթեք» ընկերության կողմից ս.թ. օգոստոսի 2-ին քաղաքապետարանին էր ներկայացվել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու առաջարկ` կարճաժամկետ և երկարաժամկետ, սակայն մինչ օրս ընկերության այդ առաջարկները մնացել են անպատասխան: Նման վերաբերմունքը թույլ է տալիս ենթադրել, որ իրավիճակի անհապաղ շտկումը քաղաքապետարանի առաջնահերթ մտահոգությունը չէ. քաղաքապետարանը շարունակում է գործել միակողմանիորեն` առանց աղբահանության կառավարման հստակ քաղաքականության մշակման: Փոխարենը, քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք» ընկերության աղբադույլերը, չեն կատարվում սահմանված վճարումները, որի արդյունքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Կառավարությունը ս.թ. օգոստոսի 8-ին տեղի ունեցած նիստում որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազմակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը, և մենք լիահույս ենք, որ այդ որոշումը կնպաստի ստեղծված իրավիճակի կարգավորմանը»:

Նմանատիպ նյութեր