211652_close_icon
views-count8849 դիտում article-date 19:11 08-08-2019

Նոր օրինագիծը գրպանահատությունը կորակի որպես հանրային մեղադրանք

Արդարադատության նախարարության կողմից մշակված նոր օրենքի նախագիծը մասնավոր մեղադրանք որակվող գրպանահատությունը կորակի որպես հանրային մեղադրանք, որով էլ հնարավոր չի լինի կարճել վարույթը` բողոքի բացակայության դեպքում: «[url=https://armenpress.am/arm/news/984333.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ, Հետաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հակոբ Պետրոսյան: «Այսօրվա մեր կարգավորումներով գողության այս տեսակը դասվում է մասնավոր մեղադրանքի գործերի շարքին, ինչը դժվարացնում է ոստիկանության աշխատանքը: Մասնավոր մեղադրանքի դեպքում գործերը հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա: Եթե չկա տուժողի բողոք, ապա տվյալ անձի նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել: Արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված օրենսդրական նախաձեռնություն կա, որով նախատեսվում է մասնավոր մեղադրանքի գործ համարվող գրպանահատությունը որակել որպես հանրային մեղադրանք: Այդ դեպքում, բողոքի բացակայության պարագայում հնարավոր չի լինի գործի վարույթը կարճել, և կտրվի արժանի քրեաիրավական գնահատական»,- նշեց Պետրոսյանը: Հակոբ Պետրոսյանը նշեց, որ օրենքում մի շարք այլ բացեր ևս կան: «Հափշտակության այս տեսակը որակվում է կամ որպես մանր հափշտակություն, դա մինչև 5000 դրամ գողության դեպքերն են, իսկ դրանից բարձր` մինչև 500 հազար դրամի հասնող գողության դեպքերը որակվում են որպես գողության հասարակ տեսակ: Այս դեպքում չի կարող պատիժը գերազանցել ազատազրկման ձևով 2 տարի առավելագույն սահմանը: Պատժի հետ կապված խստացման անհրաժեշտություն ունենք»,- ասաց նա: Ոստիկանության տվյալներով` գրպանահատության հիմնական կատարման վայր հանդիսանում են հասարակական վայրերը և հասարակական տրանսպորտային միջոցները: ՀՀ-ում 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատությամբ գրպանահատություններն աճել են 70 դեպքով: Վիճակագրական տվյալների վերլուծությունը վկայում է, որ գրպանահատության շուրջ 95%-ը կատարվում է Երևան քաղաքում, իսկ առավել մեծ տարածում ունի Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, Մալաթիայի և Շենգավիթի վարչական շրջաններում:

Նմանատիպ նյութեր