211652_close_icon
views-count1020 դիտում article-date 17:43 08-08-2019

Աշխարհի յուրաքանչյուր հայ վստահորեն կարող է ասել՝ Հայաստանն իմ օջախն է. Փաշինյան

Նոր Հայաստանում ընտանիք եւ օջախ հասկացությունները պետք է նոր հարաբերություններ ունենան հայրենիքի հետ, հանրության ու պետականության հետ, որտեղ ընտանիքի շահը չպետք է հակադրվի հանրության շահին, որտեղ օջախի շահը չպետք է հակադրվի հայրենիքի շահին: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ: «Բոլորդ գիտեք, թե յուրաքանչյուր հայի համար որքան կարեւոր են Օջախ եւ ընտանիք հասկացությունները: Դրանք հասկացություններ են, որոնք ձեւակերպում են մեզնից յուրաքանչյուրի ինքնությունը, արժանապատվությունն ու ծագումը: Բայց ցավոք, երկար տարիներ մի իրականություն է ձեւավորվել, երբ ընտանիք պահելու, օջախ ունենալու արժեքներով մեզանում հաճախ լեգիտիմացվել են բազմաթիվ արատավոր երեւույթներ: Երբեմն կաշառակերությունը, կոռուպցիան, հովանավորչությունն ու անարդարությունները, ապօրինի գործունեության զանազան տեսակներ բացատրվել, լեգիտիմացվել են ընտանիք պահելու, հացի փող աշխատելու, օջախին նյութական միջոցներ մատակարարելու հասկանալի անհրաժեշտությամբ: Օջախ ու ընտանիք հասկացությունները վերապրել են անգամ քաղաքական մուտացիաներ, զարգանալով կլանային եւ թայֆայական կառուցակարգերի տրամաբանությամբ: Արդյունքում ստացել ենք մի իրողություն, երբ կոռուպցիոն համակարգերի կողմից ընտանիքի շահը հակադրության մեջ է դրվել հանրության շահի հետ, երբ օջախը վերածվել է բարձր պարիսպներով հայրենիքից տարանջատված եւ հայրենիքի դեմ գործող տարածքի: Ես համոզված եմ, որ Նոր Հայաստանում ընտանիք եւ օջախ հասկացությունները պետք է նոր հարաբերություններ ունենան հայրենիքի հետ, հանրության ու պետականության հետ, որտեղ ընտանիքի շահը չպետք է հակադրվի հանրության շահին, որտեղ օջախի շահը չպետք է հակադրվի հայրենիքի շահին, որտեղ օջախն ու ընտանիքը պետք է ոչ թե պարիսպներով ու դարպասներով պարփակված փոքր տարածություններ լինեն, այլ պետական սահմաններով պարփակված պետականություն, սահմանադրությամբ ու օրենքներով հարաբերվող ժողովուրդ: Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է: Սա պիտի լինի մեզնից յուրաքանչյուրին առաջ մղող կարգախոսը, որտեղ մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի շահը ներդաշնակ է հանրության շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի օջախի շահը ներդաշնակ է հայրենիքի շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի անհատական արժանապատվությունն ու ազատությունը ներդաշնակ է հանրության արժանապատվության եւ հայրենիքի ազատության գաղափարների հետ: Սա է Նոր Հայաստանի արժեքային վերափոխման կարեւորագույն օրակարգերից մեկը, եւ հենց ընկալման այսպիսի փոփոխությունն էր, որ 2018 թվականի գարնանը հանգեցրեց համահայկական հեղափոխության, երբ մարդիկ իրար ընկալում էին որպես հարազատ, երբ ժողովուրդը իրեն ընկալում էր որպես մի մեծ, երջանիկ, համերաշխ ընտանիք: Այս է պատճառը, որ մեզնից յուրաքանչյուրը, աշխարհի յուրաքանչյուր հայ վստահորեն կարող է ասել՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է: Ու այսպիսի միասնությամբ տոգորված հայ ժողովուրդն անընկճելի ու անպարտելի է»,-գրել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր