211652_close_icon
views-count1234 դիտում article-date 12:45 08-08-2019

Կառավարությունը սահմանեց 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժած անձանց ֆինանսական աջակցության չափը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծին: «Շատ կարևոր որոշում է, բայց այն շատ բազմաթիվ նրբերանգներ ունի և շատ նուրբ հարց է: Ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ այս որոշմամբ սահմանված չափերը որևէ ձևով չեն նշանակում փոխհատուցում: Այսինքն, մասնավորապես, սրանով, կներեք կոպիտ ձևակերպման համար կյանքի գին չի որոշվում Հայաստան քաղաքացու: Սա ընդամենը ձևակերպվում է որպես աջակցություն: Մենք բավականին նուրբ իրավիճակում ենք այն առումով, որ… Դուք բոլորդ տեղյակ եք, որ ես ինքս էլ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններում ներգրավված եմ եղել և մասնակից եմ եղել: Եվ այստեղ շատ կարևոր է, որ մենք ոչ թե էմոցիոնալ, այլ բալանսավորված որոշումներ կայացնենք: Մենք քննարկումների առումով, նաև հիմնվելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Հայաստանի կապակցությամբ կայացված մի շարք նախադեպային որոշումների վրա, կայացրել ենք այսպիսի որոշում այս փուլի համար։ Եվ իմ պատկերացումն այն է, որ այս հարցերը վերջնական լուծում ստանան ՄԻԵԴ-ում, որպեսզի ներհայաստանյան համակարգերում մենք շատ նուրբ իրավիճակները հաղթահարելու հնարավորություն ունենանք: Սա ասում եմ նրա համար, որ այս որոշմամբ մենք չենք փոխհատուցում, մենք աջակցություն ենք տրամադրում տուժած քաղաքացիներին: Փոխհատուցումը այլ հարթության հարց է և պետք է մի փոքր այլ ընթացակարգերով որոշվի, չնայած նաև մեծ հաշվով, զուտ պետական բյուջեի հնարավոր ծախսերի առումով նաև հնարավոր է, որ այս աջակցությունը ինչ-որ ձևով նաև հետագայում հաշվառվի այդ հնարավոր փոխհատուցման հաշվարկի տրամաբանության մեջ»,- որոշման քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ այդմ, Կառավարությունը սահմանել է աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը և այդ դիմումի քննարկման կարգը: Նախագծով հետապնդվող նպատակն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման գործընթացի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգային կանոնակարգումների ներդրումն է: Մասնավորապես, առաջարկվում են ներքոշարադրյալ կարգավորումները. - սահմանվում է, որ տրամադրվող աջակցության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով, - որպես աջակցության տրամադրման համար դիմումը քննարկող լիազոր մարմին՝ նախատեսվում է ՀՀ արդարադատության նախարարությունը, - ամրագրվում է, որ ստացված բոլոր փաստաթղթերի համադրման և գնահատման արդյունքում պարզված հանգամանքների հաշվառմամբ՝ լիազոր մարմինը կայացնում է հետևյալ պատճառաբանված որոշումներից մեկը՝ բավարարել դիմումը և տրամադրել աջակցություն կամ մերժել դիմումը կամ կասեցնել դիմումի քննարկումը: Ընդորում՝ շեշտվում է, որ դիմումը մերժվում է, եթե չի հաստատվում դիմումատուի՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը, - որպես աջակցության ձև՝ սահմանվում է դրամական օգնությունը՝ հետևյալ չափերով. . ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 ՀՀ դրամ, . առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 ՀՀ դրամ, . առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր