211652_close_icon
views-count8124 դիտում article-date 21:08 06-08-2019

Մի դիմեք ինքնակոչ «բժիշկների», հեքիմների ծառայությանը. Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել

Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 1 տարեկան 8 ամսական երեխա՝ մարմնի մակերեսի գրեթե 15% այրվածքներով: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխան այրվածքները ստացել է օոստոսի 1-ին, սակայն ծնողները չեն դիմել բժշկի, այլ գերադասել են բուժումն իրականացնել տնային պայմաններում, ոմն մեկի կողմից տնային պայմաններում պատրաստած, անհայտ բաղադրությամբ քսուկի միջոցով: Գործողության հետևանքով երեխայի վիճակը ծանրացել է, որից հետո ծնողները դիմել են տեղամասային պոլիկլինիկա: Տեղամասային բժիշկը նրանց տրամադրվել է ուղեգիր՝ բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու, սակայն ծնողները կրկին չեն դիմել բժշկական կենտրոն և շարունակել են նույն «մեթոդով» բուժումը: Երեխայի վիճակը գնալով ծանրացել է և միայն օգոստոսի 4-ին դիմել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, անմիջապես հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունք: Ընդունման պահին երեխայի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, գիտակցությունը՝ մթագնած, կոնտակտի մեջ գրեթե չի մտել: Բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար, նրան այժմ տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նման դեպքերից խուսափելու համար առողջապահության նախարարությունը զգուշացնում է. ցանկացած առողջական խնդրի դեպքում չհապաղել և դիմել բժշկի օգնությանը: Ոչ մի պարագայում մի դիմեք ինքնակոչ «բժիշկների», հեքիմների ծառայությանը:

Նմանատիպ նյութեր