211652_close_icon
views-count1491 դիտում article-date 18:23 06-08-2019

Մշակվել է պետական կացարաններում միայնակ կենսաթոշակառուների կոմունալ ծախսերի փոխհատուցելու օրինագիծ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ամբողջությամբ փոխհատուցել պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարները: Օրենքի նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: «Նախագծի ընդունման արդյունքում, սոցիալական աջակցություն կցուցաբերվի պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների, որոնց թիվը 2019թ. մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59 (ենթակա է փոփոխման): Ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ: Սույն նախագծով հաշվարկվել է փոխհատուցման համար՝ յուրաքանչյուր կենսաթոշակառուին (մեկ սենյակի համար) ամիսը 12 750 դրամ, որը կազմում է նվազագույն կենսաթոշակի 50%-ը: Այս պարագայում, կենսաթոշակառու բնակիչների այսօրվա թվաքանակով, կպահանջվի տարեկան 9 027 000 դրամ: Օրինագծի ընդունման դեպքում, սոցիալական տան բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 153 000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար»,- նշված է նախագծում: Օրենքի ընդունումից հետո կառավարության կողմից կհաստատվի սոցիալական աջակցության տրամադրման կարգը և պայմանները: Սույն օրենքի նախագծի ընդունումը բխում է պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունից:

Նմանատիպ նյութեր