211652_close_icon
views-count1450 դիտում article-date 15:33 05-08-2019

Պարենային ապրանքների համաշխարհային գները հուլիսին նվազել են․ ՊԳԿ

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) տեղեկացնում է, որ պարենային ապրանքների համաշխարհային գները հուլիսին նվազել են։ Պարենային ապրանքների համաշխարհային գները հուլիսին որոշակի անկում են գրանցել, ինչը պայմանավորված է որոշ հացահատիկային մշակաբուսերի, կաթնամթերքի և շաքարի ցածր գներով: ՊԳԿ-ի պարենային ապրանքների գնային ինդեքսը` առևտրով պայմանավորված ցուցանիշ, որը չափում է հինգ հիմնական պարենային ապրանքների գները միջազգային շուկաներում, 2019 թվականի հուլիսին կազմել է միջինը 170.9 կետ ՝ հունիսի համեմատ նվազելով 1.1 տոկոսով, որը սակայն 2.3 տոկոսով բարձր է նախորդ տարվա հուլիս ամսվա ցուցանիշից: ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հունիսի համեմատ նվազել է 2.7 տոկոսով, որը սակայն 4.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հուլիսի մակարդակը: Անկումը հիմնականում պայմանավորված է ցորենի և եգիպտացորենի գների անկմամբ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է վերջիններիս արտահանման մեծ ծավալներով: Ի տարբերություն դրան, շուկայի հիմնականում հանգիստ գործունեության շնորհիվ, բրնձի ինդեքսը նշանավորեց իր կայունության հերթական՝ հինգերորդ ամիսը: ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հուլիսին աճել է 0.8 տոկոսով` պայմանավորված սոյայի և արևածաղկի յուղերի գների աճով, ինչը կոմպենսացրել է արմավենի յուղի գնի հետագա անկումը: Վերջինը մեծապես պայմանավորված էր Հարավարևելյան Ասիայում բերքարտադրության սեզոնային աճով՝ համակցված ներմուծման համաշխարհային պահանջարկի նվազման հետ: ՊԳԿ մսի գնային ինդեքսը 0.6 տոկոս աճ է գրանցել՝ հունիսի փոքր-ինչ վերանայված արժեքից՝ նշելով ամենամսյա թվով վեցերորդ հերթական աճը: Հուլիսին աճել է նաև խոշոր և մանր եղջերավոր անասունների մսի գինը, ինչը պայմանավորված է Ասիայից ներկրման մեծ պահանջարկով և Օվկիանիայից մատակարարումների նվազմամբ՝ սեզոնային անկման պատճառով: Մյուս կողմից, խոզի մսի գինը մի փոքր նվազել է՝ չորս ամիս շարունակական աճից հետո՝ արտացոլելով Բրազիլիայից և Միացյալ Նահանգներից արտահանման ավելի մեծ հասանելիությունը: ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հունիսի համեմատ նվազել է 2.9 տոկոսով՝ ներկայացնելով երկրորդ ամիսն անընդմեջ անկում` պայմանավորված կարագի գնի անկմամբ, ինչին հետևել է պանիրը և չզտված կաթի փոշին: ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նվազել է 0.6 տոկոսով` հիմնականում պայմանավորված աշխարհի խոշորագույն շաքար արտադրող երկրում՝ Հնդկաստանում, շաքարեղեգի ավելի բարձր բերքի ակնկալիքով: Համաշխարհային գների անկումը մասամբ հետևանք էր նաև բրազիլական արժույթի /ռեալի/՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեվորման, ինչը որոշակիորեն կարող է զսպել արտահանումը Բրազիլայից, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն շաքար արտահանող երկիրը:

Նմանատիպ նյութեր