211652_close_icon
views-count1926 դիտում article-date 11:08 05-08-2019

ՀՀ Վարչապետի՝ Ստեփանակերտում հրավիրած հանրահավաքին «Ազատ հայրենիքը» կմասնակցի ավելի քան 10.000 հոգով. Արայիկ Հարությունյան

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժը կմասնակցի ավելի քան 10.000 կուսակից և համակիր անդամներով: Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը՝ մասնավորապես նշելով, որ, ամփոփելով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանալիք համահայկական նշանակության հանրահավաքի կազմակերպմանն ուղղված «Ազատ հայրենիք» կուսակցության աշխատանքները, հայտարարում է, որ Արցախի բոլոր համայնքներից, (առանց մայրաքաղաքի ակտիվի) կուսակցության անդամ և համակիր ավելի քան 10.000 քաղաքացիներ կմասնակցեն այս շատ կարևոր նախաձեռնությանը: «Իսկ Ստեփանակերտի մեր համախոհները ժամը 18:30-ին դեպի հրապարակ կշարժվեն «Սպայի տան» հարակից տարածքից՝ իմ առաջնորդությամբ: Սիրելի՛ հայրենակիցներ Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ կոչիս արձագանքելու համար և մեկ անգամ ևս հորդորում անմասն չմնալ այս պատմական իրադարձության՝ հավուր պատշաճի կայացման գործում մեր լուման ներդնելուց: Կեցցե՛ն Արցախի և Հայաստանի Հանրապետությունները: Կեցցե՛ Հայրենիք-Սփյուռք անխախտ միասնությունը: Կեցցե՛ հայ ժողովուրդը, որ Ազատ Հայրենիքում արդեն իսկ կերտում է իր արժանապատիվ ապագան»,- նշել է Ա. Հարությունյանը: Նշենք, որ ՀՀ վարչապետի՝ Ստեփանակերտում հանարահավաք անցկացնելու մասին կոչին Արցախի քաղաքական ուժերի ղեկավարներից արձագանքել էր միայն Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք նաև, որ անցած տարվա օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին Արցախից կրկին արձագանքել էր միայն «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որի նախաձեռնությամբ ավելի քան 1000 մարդ էր Արցախից մեկնել Երևան:

Նմանատիպ նյութեր