211652_close_icon
views-count2949 դիտում article-date 16:58 02-08-2019

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են ձկան փառատոնին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի նախաձեռնությամբ եւ «Ռեստորանների հայկական միության» առաջարկով 2019 թվականի սեպտեմբերի 14-ին Սևանի թերակղզում կանցկացվի ձկան փառատոն, որն իր բովանդակությամբ մարզում առաջին անգամ է կազմակերպվում՝ հավակնելով ձեռք բերել ամենամյա միջազգային հնչեղություն: Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Տոնակատարությունն անցկացվելու է Գեղարքունիքի մարզպետարանի և «Ռեստորանների հայկական միության» համատեղ ուժերով: Ձկան փառատոնի նախապատրաստական աշխատանքների շուրջ քննարկումը տեղի ունեցավ օգոստոսի 2-ին, Գեղարքունիքի մարզպետարանում: Այն վարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Քննարկմանը մասնակցում էին «Ռեստորանների հայկական միության», «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի շահագրգիռ ստորաբաժանումների պատասխանատուներ: Քննարկման ընթացքում կողմերը պայմանավորվեցին մինչև տոնակատարությունը առավոտյան Սևանի ափամերձ տարածքներում իրականացնել մաքրման աշխատանքներ, իսկ միջոցառումը սկսել ժամը 15:00-ին: «Ռեստորանների հայկական միության» գործադիր տնօրեն Վահե Գևորգյանի խոսքով՝ միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով կներկայացվեն ձկնեղենից պատրաստված զանազան կերակրատեսակներ, կլինեն համտեսի, վաճառքի և տարբեր անվանակարգերի մրցութային արարողություններ: Տոնակատարությունը կուղեկցվի ազգային երգ ու պարով, մշակութային այլ համարներով ու կեզրափակվի հրավառությամբ: Ձկան փառատոնով նախատեսում է ընդունել 3500-5000 մասնակցի: «Սևանի ափին հանգստյան սեզոնի ավարտին կազմակերպված փառատոնով մենք ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրում ենք Սևանա լճի պահպանության խնդրին»,- շեշտել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նմանատիպ նյութեր