211652_close_icon
views-count1166 դիտում article-date 22:59 01-08-2019

Գեղարքունիքի մարզպետը եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են համագործակցության հետ կապված հարցեր

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ողջունեց դեսպանին՝ մարզ այցելելու կապակցությամբ, հույս հայտնելով, որ այն իր նպաստը կունենա հայ-ռուսական կապերի հետագա ամրապնդման , նոր համագործակցությունների ձեւավորման եւ այլ հարցերում: «Հայաստանը շատ բարեկամաբար է վերաբերվում Ռուսաստանի դաշնությանը, եւ մենք շատ թելերով ենք կապված Ռուսաստանի հետ: Այս առումով Գեղարքունիքի մարզը առանձնանում է նրանով, որ մարզի շատ բնակիչներ այսօր ապրում, աշխատում եւ արարում են Ռուսաստանի Դաշնության տարբեր բնակավայրերում: Իսկ դա նպաստում է մեր կապերի առավել ակտիվացմանն ու ամրապնդմանը: Այդուհանդերձ, մենք շատ անելիքներ ունենք համագործակցության ոլորտում: Շնորհակալություն եմ հայտնում այն ծրագրերի համար, որոնք ՌԴ-ի կողմից իրականացվում են Գեղարքունիքի մարզի տարբեր ոլորտներում: Այս տարի Գեղարքունիքի մարզում իրականացվում են ճանապարհաշինական այնքան ծրագրեր, որքան որ իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի ողջ տարվա ընթացքում: Շինարարական ծավալները շատ մեծ են մեր մարզում, սակայն մենք ունենք շինարարական կազմակերպությունների պակաս, որը ցանկալի կլիներ, որ լրացվեր ռուսական շինարարական կազմակերպությունների մասնակցությամբ: Այդ նպատակով մեզանում մրցույթի ենթակա բոլոր ծրագրային փաթեթները կազմվել են նաեւ ռուսաց լեզվով, որը, կարծում եմ, կհետաքրքրի ռուսական շինարարական կազմակերպություններին: Մենք հիմա մշակում ենք ՌԴ Սարատովի մարզի հետ համագործակցության հուշագրի կետերը: Հուշագիրը կվավերացվի այս տարվա հոկտեմբեր ամսին»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետը: «Մեր կապերը դարավոր են եւ պատմական թե՛ ցարական Ռուսաստանի, թե՛ ԽՍՀՄ ժամանակներում ու նրանից հետո: Մենք անցել են ընդհանուր պատմական ճանապարհ եւ այսօր էլ շարունակում ենք պահպանել մեր բարեկամական եւ եղբայրական կապերը: Այժմ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի են, սակայն համագործակցությունը մեր երկրների վարչական միավորների միջեւ իր ողջ ուժով չի դրսեւորվում: Մենք պետք է մտածենք այնպիսի համատեղ քայլերի մասին, որոնք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը նոր թափ կհաղորդեն: Նշեմ նաեւ, որ Գեղարքունիքի մարզը մեծ դեր է խաղում հայ-ռուսական հարաբերություններում»,- իր խոսքում նշեց ՌԴ դեսպանը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խոսեց նաեւ Գեղարքունիքի մարզի Գավառ եւ Մարտունի եւ ՌԴ Նովոռոսիյսկ ու Բրատսկ քաղաքների հետ առկա համագործակցության մասին, առանձնացրեց ռուսական կողմի ֆինանսական միջոցներով մարզում իրականացվող մի շարք ծրագրեր, մասնավորապես, «Դպրոցական սնունդ» ծրագրով իրականացվող աշխատանքները, ինչի արդյունքում մարզի 113 հանրակրթական դպրոցների աշակերտներ օգտվում են անվճար սննդից : ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանի եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելեց Գավառ քաղաքի Արծվաքար թաղամաս, որտեղ ռուսական կողմի ֆինանսավորմամբ իրականացվում է գինու եւ կոնյակի մեջ հասունացած պանրի արտադրություն : Դեսպանը եղավ նաեւ Նորատուսի խաչքարերում, այցելեց Հայրավանքի եկեղեցական համալիր՝ ծանոթանալով հայկական պատմամշակութային արժեքներին: Դեսպանը զմայլվեց Սեւանա լճի գույներով, շեշտելով, որ այն անկրկնելի է իր գեղեցկության մեջ: «Անկրկնելի են նաեւ հայկական խաչքարերն ու պատմաճարտարապետական հուշարձանները, որոնցից յուրաքանչյուրը մի բացառիկ պատմություն է ներկայացնում իրենից»- այցի ավարտին իր տպավորությունները ներկայացրեց Սերգեյ Կոպիրկինը:

Նմանատիպ նյութեր