211652_close_icon
views-count986 դիտում article-date 13:20 01-08-2019

ԱՄՆ-ն և Չինաստանն առևտրային բանակցությունները կշարունակեն սեպտեմբերին

ԱՄՆ-ն և Չինաստանն առևտրային բանակցությունների հերթական փուլի արդյունքում պայմանավորվել են դրանք շարունակել սեպտեմբերին՝ ԱՄՆ-ում, հայտնում է [url=https://www.bloomberg.com/news/articles/2019-07-31/china-u-s-resume-trade-talks-amid-trump-s-rip-off-accusation?srnd=politics-vp]Bloomberg[/url] գործակալությունը: Սպիտակ տունն օրերս ընթացած բանակցությունները կառուցողական է անվանել: Կողմերը քննարկումներ են ունեցել տեխնոլոգիաների հարկադրական փոխանցման, մտավոր սեփականության իրավունքի, ծառայությունների, ոչ սակագնային պատնեշների և գյուղատնտեսության վերաբերյալ: «Չինական կողմը հաստատել է, որ հակված է մեծացնելու ԱՄՆ-ից ներկրվող գյուղատնտեսական մթերքների ծավալը»,- հայտնել են ամերիկյան վարչակազմից: Չինաստանի կառավարությունն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրները պետք է համագործակցեն, ոչ թե դիմակայեն միմյանց՝ նշելով, որ առևտրային բանակցությունները բարդ են և պետք է ընթանան հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա: Հուլիսի 30-ին ավելի քան 2 ամսվա դադարից հետո Շանհայում վերսկսվել էին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցությունները, որոնք ավարտվել էին ժամանակից շուտ: Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել էին ԱՄՆ առևտրային բանակցությունների ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը և ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: Չինական պատվիրակությունը գլխավորել էր Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն: Առևտրային հարցերով բանակցությունների վերսկսման մասին համաձայնությունը երկու երկրների միջև ձեռք էր բերվել հունիսին Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի և նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի միջև G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ: Բանակցությունների մայիսյան փուլից առաջ, որը ձախողվել էր, Թրամփը բարձրացրել էր Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը, որոնց ընդհանուր արժեքը 200 մլրդ դոլար էր կազմել, ինչպես նաև ևս 300 մլրդ դոլարի մաքսատուրքեր պատրաստելու հրաման էր տվել:

Նմանատիպ նյութեր