211652_close_icon
views-count1091 դիտում article-date 12:41 01-08-2019

ՀՀ 109 քաղաքացիներ դեռ մնացել են Եգիպտոսում. պարտավորությունները չկատարած տուրիստական ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիների խնդրին, երբ տուրիստական ընկերությունը չէր վճարել ավիաընկերությանը և չարտերային թռիչքը չէր կայացել: Տիգրան Ավինյանը նշեց, որ Կառավարության ֆինանսավորմամբ Հուրգադա-Երևան երկու չվերթ է տեղի ունեցել. առաջին թռիչքով Երևան տեղափոխվեց 132 ՀՀ քաղաքացի, երկրորդ չվերթով՝ 183 քաղաքացի. «Բայց դեռևս 109 քաղաքացիներ գտնվում են Եգիպտոսում: Այսօր Երևանի ժամանակով 14:15-ին նրանք էլ կտեղափոխվեն Երևան՝ «Տարոն ավիայի» ընկերության օդանավով»: «Պետք է քննարկենք պատճառները խնդրի և հասկանանք, թե ինչ միջոցներ ենք ձեռնարկում այս խնդիրը կանխարգելելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշեց Տիգրան Ավինյանը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ տուրիստական կազմակերպության չկատարված պարտավորությունները քաղաքացիների նկատմամբ այն պատճառով են, որ բավականաչափ ազատական իրավակարգավորումներ են գործում ՀՀ-ում: Նրա խոսքով՝ Զբոսաշրջության կոմիտեն այժմ ուսումնասիրում է միջազգային փորձը՝ հասկանալու համար, թե ինչպիսի օպտիմալ որոշումներ կարող են կայացվել ՀՀ-ի դեպքում: «Ճիշտ եղանակը նման գործունեությամբ զբաղվող ընկերություններին իրենց ստանձնած քաղաքացիաիրավական պարտավորությունների առնչությամբ ապահովագրության պահանջի ներկայացումն է: Սա պետք է լինի ապահովագրության մեխանիզմների ճիշտ նախագծման և ներդրման միջոցով: Մենք նաև պետք է աշխատենք ապահովագրական ընկերությունների հետ, որ դա թանկ չլինի մեր քաղաքացիների համար, բայց նրանք երաշխավորված կլինեն, որ նման իրավիճակներում այլևս չեն հայտնվի»,- ասաց Տիգրան Խաչատրյանը: Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ տեղեկացրեց, որ պարտավորությունները չկատարած տուրիստական ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել, այս պահին ոստիկանություն համապատասխան նյութեր է նախապատրաստում։

Նմանատիպ նյութեր