211652_close_icon
views-count13575 դիտում article-date 10:46 31-07-2019

Կարող եք վերջ դնել այն խոսակցություններին, թե իմ՝ միջոցառմանը ներկա չգտնվելը կապ ունի Սասուն Միքայելյանի հետ. Ռոմանոս Պետրոսյան․ Armdaily.am

Օրեր առաջ Հրազդանը նշում էր իր 60 ամյակը: Տոնական միջոցառմանը ներկա չէր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ մարզպետին չի հետաքրքրել քաղաքի միջոցառումը, և այդ պատճառով էլ ներկա չի եղել: [url=https://armdaily.am/?p=57943&l=am%2F&fbclid=IwAR0U-xLef226zGGo6Iqci639lmuRH0SLhJDYXG5OyuIFN_fgbIbgDFKHOwQ]ArmDaily.am[/url]-ի հետ զրույցում Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ քաղաքի տոնը քաղաքացունն է, ոչ թե քաղաքապետինը կամ այլ պաշտոնյայի.«Ու կապ չունի, թե ով է կազմակերպիչը: Տոնը քաղաքացու համար է և քաղաքացուն են շնորհավորում, ինչը ես արել եմ: Հրազդանցիները գիտեն, որ ես իրենց կողքին եմ ցանկացած հարցում: Եվ դրա վառ ապացույցն այն 3 խոշոր նախագծերն են, որոնք մենք նախատեսել ենք իրականացնել Հրազդանում»: Մարզպետը նշեց, որ դրանցից մեկը քաղաքի համար բազմաֆունկցիոնալ մեքենայի ձեռքբերումն է.«Այն շուրջ 30 միլիոնանոց ծրագիր է: Ինչպես նաև շուրջ 40 միլիոն դրամի բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգում ենք նախատեսել: Այս սուբվենցիոն ծրագիրը ևս հաստատվել է: Եվ մի ամբիցիոզ ծրագիր ենք Հրազդանում իրականացնելու: 215 միլիոնի շուրջ 55 տոկոսը նախատեսված է համայնքի ֆինանսավորմամբ, իսկ 45 տոկոսը Կառավարությունն է համաֆինանսավորելու, որի միջոցով մեր համայքնի ճանապարհների ասֆալտապատումն է իրակացվելու: Ցանկանում եմ նաև մատնանշել Կաքավաձոր թաղամասի բուռն շինարարական աշխատանքները՝ նախակրթարան կառուցելու համար: Մենք մեր աշխատանքով արդեն ցույց ենք տալիս մեր սերը քաղաքի հանդեպ»: Դիտարկմանը, որ քաղաքապետը տեղյակ է այս բոլոր ներդրումներից, ի՞նչն է պատճառը, որ պնդում է, թե հետաքրքրված չեք եղել քաղաքի 60 ամյակի տոնակատարությամբ, Պետրոսյանն ասաց.«Ես կարծում եմ՝ տեղյակ է, բայց չեմ կարող ասել, թե ինչու է այդպիսի գնահատական տվել: Ես փաստերով արդեն թվարկեցի, թե ինչ ծրագրեր ենք իրականցնում մենք Հրազդանի համար: Իսկ կոնկրետ մասնակցության առումով կարող եմ ասել, որ միջոցառումը նախատեսված է եղել հուլիսի սկզբին, ապա չնախատեսված հետաձգվեց հուլիսի 27 և շատ կարճ ժամանակ առաջ ես տեղեկացա, որ միջոցառումը հուլիսի 27-ին է լինելու, իսկ այդ օրը ես ներդրումային ծրագրի շրջանակներում արտասահմանից հյուրեր ունեի, ում հրավիրել էի Կոտայք, այդ իսկ պատճառով չկարողացա ներկա գտնվել»: Հարցին՝ կարո՞ղ ենք վերջ դնել այն խոսակցություններին, թե Ձեր՝ միջոցառմանը ներկա չգտնվելը կապ ունի Սասուն Միքայելյանի հետ, մարզպետն ասաց.«Այո, կարող եք վերջ դնել: Ես իմ գործով ապացուցել եմ, որ ինձ համար քաղաքացու կյանքի որակն է առաջնային: Որևէ այլ խնդիրների ես տուրք չեմ տալիս և հարկ չեմ համարում անդրադառնալ այդպիսի մեկնաբանություններին»:

Նմանատիպ նյութեր