211652_close_icon
views-count2440 դիտում article-date 17:25 30-07-2019

Հայկական մշակույթի երեկո Տուլչայում. անցկացվել են մի շարք միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ռումինիայի Տուլչա քաղաքում կայացած «Ազգամիջյան ֆիլմերի շաբաթ» փառատոնի շրջանակներում Ռումինիայի Հայոց միության Տուլչայի մասնաճյուղի կազմակերպմամբ անցկացվեցին հայ մշակույթին նվիրված մի շարք միջոցառումներ: Հուլիսի 27-ին` hայկական մշակույթի երեկոյի բացմանը, խոսքով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության Տուլչայի մասնաճյուղի նախագահ Էդուարդ Լուչիան Սիմիոնը և Կոստանցայի մասնաճյուղի նախագահ Լիվյու Մերդինյանը: Ողջունելով Ռումինիայի տարբեր վայրերից ու համայնքային կենտրոններից Տուլչա ժամանած հայրենակիցներին ու հյուրերին, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին` դեսպան Մինասյանը կարևորեց հայկական միջոցառումների անցկացումը՝ նկատելով, որ այն ևս մեկ յուրօրինակ միջոց է Ռումինիայում բնակվող փոքրամասնությունների համար ներկայացնելու իրենց մշակույթը: Քաղաքի կենտրոնական հրապարակում ազգային պարերով հանդես եկան Բուխարեստի «Նաիրի» և Տուլչայի «Զանազան» պարախմբերը: Տուլչայի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրելու ազգագրական ու ժողովրդական երգեր՝ Ժան Սմբատյանի կատարմամբ։ «Ազգամիջյան ֆիլմերի շաբաթ» հերթական 14-րդ փառատոնն անցկացվեց Ռումինիայի կառավարության և նահանգային ու քաղաքային իշխանությունների աջակցությամբ: Տեղեկանք․ Տուլչան համանուն նահանգի վարչական կենտրոնն է, որը գտնվում է Ռումինիայի սևծովյան Դոբրոջա շրջանում: Տուլչա նահանգի և ՀՀ Տավուշի մարզի միջև եղբայրական կապեր են հաստատվել 2014թ.:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր