211652_close_icon
views-count2009 դիտում article-date 23:47 26-07-2019

Արգենտինան հետաքրքրված է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հուլիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային։ Նախարարը ողջունել է դեսպանին, խոսել երկու երկրների միջև առկա բարեկամության մասին, անդրադարձել է մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին, այդ ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականությանն ու տեսլականին։ Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է տարբեր բնագավառներում հայ-արգենտինյան արդյունավետ համագործակցության, Արգենտինայում հայկական սփյուռքի գործունեության մասին, որն ընդգրկուն է ու բազմաբովանդակ։ Դեսպանը կարևորել է տեխնոլոգիական ոլորտում հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը և այդ ուղղությամբ գործնական քայլերի անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Արգենտինան գործակցության հարուստ պատմություն ունեն և հույս է հայտնել, որ ապագան առավել արդյունավետ կլինի՝ ի դեմս բարձր արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացման։ Դեսպանը նախարարին է ներկայացրել նաև տեխնոլոգիական ոլորտում Արգենտինայի ձեռքբերումներն ու առաջընթացը և նշել իրենց կողմից հետաքրքրվածությունը համագործակցության գործնական քննարկումներ սկսելու ուղղությամբ։ Հակոբ Արշակյանը նշել է, որ հայկական կողմը բաց է համագործակցության համար և պատրաստակամ է քննարկելու գործակցության հնարավորությունները, ուղղություններն ու հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու երկրների ոլորտի մասնագետների, տեխնիկական թիմերի, գործարար շրջանակների ներգրավվածությամբ կազմակերպել հանդիպում-քննարկումներ՝ գործակցության շրջանակներն առավել մանրամասն ուսումնասիրելու համար։ Նախարարը անդրադարձել է նաև հոկտեմբերի 6-9-ը Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT) և հրավիրել արգենտինական կողմին ընդգրկուն կազմով մասնակցություն ունենալու տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն այդ միջոցառմանը։

Նմանատիպ նյութեր