211652_close_icon
views-count1111 դիտում article-date 21:34 26-07-2019

Դեսպան Տիգրան Գևորգյանի հանդիպումները Հորդանանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 22-25-ը Հորդանանում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը (նստավայրը Դամասկոս) հավատարմագրերի պատճենը հանձնելու նպատակով այցելեց Ամման։ Այցի շրջանակներում դեսպան Գևորգյանը հանդիպումներ ունեցավ Հորդանանի Հաշիմյան Թագավորության ԱԳՆ գլխավոր քարտուղար Զեյդ ալ-Լոզիի (Zaid al-Louzi), Սենատի՝ Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ուաջիհ Ուեյսի (Whajih Owais), արդյունաբերության, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Տարեկ Համմուրիի (Tariq Hammouri), միջնակարգ ու բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Ուալիդ Սալեմ ալ-Մաանիի (Walid al Maani), մշակույթի և երիտասարդության նախարար Մուհամմադ Աբու Ռումանի (Mohammad Abu Rumman), ինչպես նաև Ամմանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Խալիլ Հաջ Թաուֆիկի (Khalil Haj Tawfiq) հետ։ ՀՀԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում քննարկվեց երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ ՀՀԹ արդյունաբերության նախարար Տարեկ Համուրիի հետ քննարկվեցին երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունն աշխուժացնելու հեռանկարները։ Դեսպան Գևորգյանը առևտրաարդյունաբերական ոլորտում հայ-հորդանանյան համագործակցությանն առնչվող հարցերը քննարկեց նաև Ամմանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Խալիլ Հաջ Թաուֆիկի հետ։ Զրուցակիցները պայմանավորվեցին մշտական կապ պահպանել` անհրաժեշտ տեղեկատվության արագ փոխանակման նպատակով։ Կրթության նախարար Ուաջիհ Ուեյսիի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կրթության և գիտության ոլորտում առկա իրավապայմանագրային բազայի թարմացման և ընդլայնման անհրաժեշտությանը, ինչպես նաև փոխանակման ծրագրով սովորող հորդանանցի և հայ ուսանողների կենցաղի և ուսման պայմանների բարելավմանն առնչվող հարցերի։ Այցի շրջանակներում դեսպան Գևորգյանը հանդիպեց նաև հորդանանահայ համայնքի ղեկավար կազմի հետ։ Ազգային իշխանության ներկայացուցիչների հետ ՀՀ դեսպանը քննարկեց համայնքի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև ներկայացրեց Հայաստան-Սփյուռք համագործակցության հեռանկարները։ Տիգրան Գևորգյանը հանդիպեց նաև Հորդանանում միջպետական փոխանակման ծրագրի շրջանակներում սովորող հայ ուսանողներին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր