211652_close_icon
views-count1493 դիտում article-date 16:56 26-07-2019

Կառավարությունում կայացել է քննարկում Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների մասնակցությամբ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը: Տեղեկացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ Հանդիպման օրակարգում ներառված էր երկու հարց՝ ՀՀ զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները և ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում միջազգային կազմակերպությունների և գործընկեր պետությունների ներգրավվումը: Քննարկմանն անցնելուց առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր պետությունների դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին հանդիպմանը ներկա գտվնելու և այս ձևաչափով երկխոսությունը շարունակելու պատրաստակամության համար: Օրակարգի առաջին հարցը զեկուցել է ՀՀ վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանը: Նա ներկայացրել է մինչև 2050թ. Հայաստանի փոխակերպման ռազմավարության նախնական տարբերակը: Զեկույցը ներառում էր այն հիմնական սկզբունքներն ու նպատակները, որոնց վրա կառուցվելու է Հայաստանի զարգացման ռազմավարությունը: Վարչապետի խորհրդականն առանձնացրել է ռազմավարության երեք հիմնական բաղադրիչները՝ գաղափարը, տեսլականը և գործողությունը: Նա ընդգծել է սոցիալ-տնտեսական թիրախային ցուցանիշները, ինչպես նաև նշել է տնտեսության զարգացման երեք փուլերն իրենց հենքային տարբերություններով: Լևոն Մազմանյանը թվարկել է ռազմավարական գերնպատակները և անդրադարձել որոշ նպատակների վերջնարդյունքներին: Զեկույցից հետո միջազգային գործընկերներն իրենց հուզող հարցերն են ուղղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանին: Քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ռազմավարության մշակման վերջնաժամկետի, դոնորների հետ համագործակցության համակարգման և ռազմավարության մեջ նշված որոշ մանրամասների շուրջ: Հարցերին պատասխանելիս փոխվարչապետն ընդգծել է, որ կառավարության ցանկությունն է ունենալ մարդակենտրոն ռազմավարություն, ինչի վրա էլ հիմնվում է ռազմավարության մշակման ամբողջ գործընթացը: Օրակարգի երկրորդ հարցը ներկայացրել է ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը, որի զեկույցից հետո քննարկվել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում միջազգային գործընկերների հետ համագործակցության հարցը: Փոխվարչապետը շեշտել է, որ ոլորտային ռազմավարությունները չպիտի լինեն առանձնացված, այլ պետք է լինեն փոխկապակցված և փոխլրացնեն միմյանց:

Նմանատիպ նյութեր