211652_close_icon
views-count1940 դիտում article-date 20:20 25-07-2019

SRK Consulting-ը հանքերի փակման և տնտեսական վերականգնման հետազոտություն է իրականացնում Հայաստանում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հուլիսի 25-ին ընդունել է SRK Consulting ընկերության հանքերի փակման, շրջակա միջավայրի և սոցիալական հարցերի գծով փորձագետներին՝ ծրագրի տնօրեն և համակարգող Ջեֆ Փարշլիի ղեկավարությամբ: Հանդիպմանը ներկա էր Ամերիա ՓԲԸ, Կառավարման խորհրդատվական ծառայությունների տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: SRK Consulting ընկերությունը հանքերի փակման և տնտեսական վերականգնման հետազոտություն է իրականացնում Հայաստանում, Վրաստանում և Ղրղզստանում՝ նպատակ ունենալով գնահատել դրանց սոցիալական, բնապահպանական, տնտեսական ազդեցությունները: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխնախարար Լիլիա Շուշանյանը ողջունելով հյուրերին՝ կարևորել է նման փորձառու թիմի կողմից այս ուսումնասիրության իրականացումը մի հարցում, որտեղ Հայաստանը ևս համակարգի կատարելագործման կարիք ունի: Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում փակման ծրագրերին վերաբերող օրենսդրական դաշտը և անդրադարձել նորմատիվ-իրավական դաշտի այն կարգավորումներին, որոնց ուսումնասիրությունը խմբի կողմից կարող է օգտակար լինել: Մասնավորապես, շեշտադրվել են հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների փակման ծրագրերի կառուցվածքին, բովանդակության նկատմամբ պահանջների որոշակիացման անհրաժեշտությանը, հանքերի փակումից հետո վերահսկողության գործընթացին և մի շարք այլ խնդիրներին վերաբերող հարցեր: Միևնույն ժամանակ Լ. Շուշանյանը ընդգծել է փակման պլանի՝ որպես նոր ներդրումային ծրագրի ներկայացման հնարավորությունը ուսումնասիրելու հարցը: Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են իրենց առաջիկա անելիքները: Նշել են, որ նաև նախատեսվում է Երևանում անցկացնել աշխատաժողով՝ Հայաստանի, Վրաստանի և Ղրղզստանի շահառուների մասնակցությամբ, որտեղ կներկայացվի հարցի վերաբերյալ խմբի ուսումնասիրությունը: Փոխնախարար Լիլիա Շուշանյանը հաջողություն է մաղթել փորձագիտական խմբին իրենց աշխատանքներում և պատրաստակամություն հայտնել իր իրավասությունների շրջանակում աջակցել գործընթացին:

Նմանատիպ նյութեր