211652_close_icon
views-count1932 դիտում article-date 14:01 25-07-2019

Զորակոչային կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում կընդգրկվի Առողջապահության նախարարության ներկայացուցիչը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց զորակոչով զբաղվող կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկել նաև Առողջապահության նախարարության ներկայացուցչին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ զորակոչի առողջապահական բաղադրիչի համար պատասխանատու է Առողջապահության նախարարությունը: Մանսավորապես, զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովները կազմավորվում են առողջապահության նախարարի հրամանով, կազմակերպվում է նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների հիվանդանոցային բուժումը, առողջապահության նախարարությունը համակարգում է նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների պատվաստումների գործընթացը: Բացի այդ, նախարարությունը տրամադրում է ֆինանսական փոխհատուցում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիներին մատուցված բժշկական ծառայությունների դիմաց: Սակայն, ներկայում կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում Առողջապահության նախարարության ներկայացուցիչ ընդգրկված չէ, ինչը խնդրահարույց է զորակոչի ողջ գործընթացի կազմակերպման ընթացքում Առողջապահության նախարարությանը վերապահված գործառույթների լիարժեք և արդյունավետ իրականացման տեսանկյունից, բացի այդ, գործնականում հաճախ են դեպքերը, երբ հանձնաժողովի կողմից Առողջապահության նախարարության խորհրդատուներին, ըստ անհրաժեշտության, պարզաբանումներ ստանալու վերաբերյալ գրություններ են հասցեագրվում, ինչը նույնպես օրենսդրությամբ կարգավորված չէ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առողջապահության նախարարության վրա դրված են վերոնշյալ լիազորությունները և նախարարությունը պատասխանատվություն է կրում դրանք բարձր մակարդակով իրականացնելու հարցում, նպատակահարմար է, որ առողջապահության նախարարի կողմից առաջադրված ներկայացուցիչը ևս ներգրավված լինի կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում: Սա թույլ կտա մշտադիտարկել տարածքային զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովների կողմից տրված առողջական վիճակի մասին եզրակացությունների որակը, կնպաստի զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ԿԲՀ-ի կողմից տրվող եզրակացությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև առավել թափանցիկ և արդյունավետ կդարձնի զորակոչիկների բժշկական հետազոտումը և փորձաքննությունը: Առողջապահության նախարարի կողմից առաջադրված թեկնածուի ներկայությունը հանձնաժողովում հնարավորություն կտա նաև ուսումնասիրել և վեր հանել զորակոչի գործընթացում առողջապահության ոլորտին վերաբերելի խնդիրները, օպերատիվ կարգով լուծումներ առաջադրել այդ խնդիրներին և արդյունավետ կերպով համակարգել ԿԲՀ-ի կողմից բժշկական հաստատություններ ուղարկված զորակոչիկների բժշկական հետազոտման և բուժման գործընթացը:

Նմանատիպ նյութեր