211652_close_icon
views-count1975 դիտում article-date 13:26 25-07-2019

Կառավարությունը 5 ընկերությունների մաքսատուրքի արտոնություն տվեց. կստեղծվի 120 աշխատատեղ

Կառավարությունն այսօրվա նիստում միանգամից 5 ընկերությունների մաքսատուրքի արտոնություններ տվեց: Որոշման նախագծերը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նախ կառավարությունը բավարարեց «Նաիրիան» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Նախարարը նշեց, որ ընկերության կողմից ներկրվող ապրանքներն օգտագործվելու են բնական և օրգանիկ կոսմետիկ միջոցների արտադրության մեջ: Արտադրամասը գտնվում է Կոտայքի մարզում, ընկերությունը գործում է 2014 թվականից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 130 մլն դրամի ներդրումներ, ստեղծել 4 նոր աշխատատեղեր՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով: Ներկայումս այս կազմակերպությունում կա 38 աշխատատեղ: Կառավարությունը մաքսատուրքից արտոնություն տվեց նաև «Այ Պլաստ» ընկերությանը: Տիգրան Խաչատրյանի խոսքով, ընկերության կողմից ներկրվող ապրանքներն օգտագործվելու են բժշկական կպչուն սպեղանիների արտադրության մեջ: Արտադրությունը գործելու է Երևանում, կազմակերպությունը գործունեություն է ծավալում 2013 թվականից: ներկրվող ապրանքների ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 130 մլն դրամ, որից մաքսատուրքից ազատման արտոնության գումարը կազմում է 8 մլն դրամ, իսկ պետբյուջեի եկամուտների նվազումը՝ 98 հազար դրամ: Կազմակերպությունում ներկայումս առկա է 6 աշխատատեղ, նախատեսվում է, որ կստեղծվեն ևս երեքը: Երրորդը կառավարությունը քննարկեց «Ոսկե Կար» կազմակերպության արտոնության հայտը: Այս կազմակերպությունը գործում է Երևանում 2010 թվականից, զբաղվում է հագուստի արտադրությամբ: Այս ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել մոտ 2 մլրդ դրամի ներդրումներ: Ներկայումս կազմակերպությունում աշխատում է 151 աշխատակից, նախատեսվում է ստեղծել ևս 60 նոր աշխատատեղ՝ 110 դրամ միջին աշխատավարձով: Այս ծրագրով արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3,75 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման ընդհանուր գումարը կազմում է 158 մլն դրամ, որից պետբյուջեի եկամուտների նվազումը՝ 1,9 մլն դրամ: Կառավարությունն արտոնություն տվեց նաև «Արտ լոբալ» ՍՊԸ-ին: Այն գործում է Երևանում, զբաղվում է թղթե և ստվարաթղթե ապրանքների արտադրությամբ՝ բաժակներ, ափսեներ և այլն: Ընկերությունը գործում է 2015 թվականից, նախատեսում է իրականացնել 250 մլն դրամի ներդրում, ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով: Այս ծրագրով նախատեսվում է արտադրել մեկ մլրդ դրամի արտադրանք: Մաքսատուրքից ազատման գումարը կազմում է 12,3 մլն դրամ, որից պետբյուջեի եկամուտների նվազումը՝ 150 հազար դրամ: Եվ վերջապես, 5-րդ ընկերությունը, որ մաքսատուրքի արտոնություն ստացավ «Ին-Վի» ընկերությունն է: Ընկերությունը զբաղվում է մալուխների և հաղորդալարերի արտադրութամբ: Արտադրությունը կազմակերպվելու է Երևանում: Արտոնություն ստանալու համար ապրանքների արժեքը կազմում է 1 մլրդ 80 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման գումարը 70 մլն դրամ է, որից պետբյուջեի եկամուտների նվազումը՝ 856 հազար դրամ: Ծրագրով ապրանքների ծվալը կկազմի 5 մլրդ դրամ:

Նմանատիպ նյութեր