211652_close_icon
views-count1121 դիտում article-date 13:50 25-07-2019

Քաշաթաղում խորհրդակցություն է անցկացվել հակահրդեհային անվտանգության թեմայով

Հուլիսի 25-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված շրջանում հրդեհների դեմ պայքարին։ Խորհրդակցությանը մասնակցել են վարչակազմի աշխատակիցներ, ինչպես նաև ոլորտային պատասխանատուներ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության և բնապահպանության բնագավառներից, ինչպես նաև «Արցախէներգո» ՓԲԸ-ից։ Խորհրդակցության մասնակիցները Ս․ Սարգսյանին ներկայացրել են այս տարվա հրդեհավտանգ սեզոնի ընթացքում գրանցված արտակարգ դեպքերը՝ ըստ տեղանքի և ծագումնաբանության։ Քաշաթաղի շրջանում հիմնական հրդեհավտանգ գոտին հարթավայրային տեղանք ունեցող հարավային թևն է։ Հրդեհի բռնկման պատճառների շարքում ներկաներն առանձնացրել են ինչպես տեխնածին պատճառները (օր․՝ հոսանքալարերի անկում), այնպես էլ մարդկային գործոնով պայմանավորված հարուցիչները (օր․՝ արտերի չսանկցիավորված հրդեհումներ, որսի կանոնների խախտումներ և այլն)։ Վարչակազմի ղեկավարին տեղեկացրել են, որ մարդածին գործոնով պայմանավորված հրդեհի երեք դեպքում այս տարի գանձվել է դրամական տուգանք։ Լսելով ներկաների զեկույցները՝ վարչակազմի ղեկավար Ս․ Սարգսյանը հանձնարարել է վարչակազմի և «Արցախէներգո» ՓԲԸ-ի միջև գործակցությամբ կարգի բերել շրջանի որոշ տարածքներում տեխնիկական չափորոշիչներին չհամապատասխանող հոսանքալարերի հարցը, ինչպես նաև մշտապես կոկիկ և խոտազերծ պահել էլեկտրական հոսանքի ենթակայանների տարածքը և շրջակայքը։ Կարևորելով բնակչության շրջանում բացատրական և ուղղորդիչ աշխատանքների անցկացումը՝ Քաշաթաղի ղեկավարը, հղվելով նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականին, շեշտել է, որ միայն դա բավարար չէ, անհրաժեշտ է նաև խստագույն վերահսկողություն համապատասխան նորմերի պահպանման հարցում և սանկցիա՝ դրանց խախտման պարագայում։ Այս համատեքստում Ս․ Սարգսյանը կարևորել է նաև ոստիկանության և ԱԱԾ օպերատիվ աշխատանքը։ Վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ՝ աշխատակազմը հանձնառություն է ստանձնել նաև անհրաժեշտ բացատրական աշխատանքներ տանելու համայնքների ղեկավարների հետ։

Նմանատիպ նյութեր