211652_close_icon
views-count1023 դիտում article-date 23:04 23-07-2019

Գորիսում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հուլիսի 23-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hանդիպումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հասարակական կազմակերպության կողմից: Փոխնախարար Սրբուհի Գալյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի հիմնական կարգավորումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը, ինչպես նաև անդրադարձել է հակակոռուպցիոն երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերին: Այնուհետև, հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև: Արդարադատության նախարարությունը մի շարք այլ ՀԿ-ների՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ ևս Երևանում և Գյումրիում նման ձևաչափով քննարկումներ է կազմակերպել, իսկ առաջիկայում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներ են նախատեսվում նաև Մարտունիում, Գավառում, Վանաձորում և Արմավիրում:

Նմանատիպ նյութեր